16:45 9 փետրվարի, 2015«Full House» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը կցուցադրվի մարտի 10-ից։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը։
Վերջինս նշեց, որ երկարատեւ դադարը պայմանավորված չէ նախագծի հետ։ Յուրաքանչյուր հումորային հաղորդում ունի եթերաշրջաններ։ Ձմեռը եւ ամառը եթերաշրջանից դուրս են: Դրանից ելնելով` մարտին կսկսեն երկրորդ եթերաշրջանը, իսկ սեպտեմբերից՝ երրորդը։

Նշենք, որ այս օրերին հեռուստասերիալի համար քասթինգ է հայտարարվել, որը ոչ թե հիմնական դերերի համար է, այլ՝ երրորդական։
«Նախագծի բոլոր հիմնական դերասանները նույն են, պարզապես վերջացել են Յանայի եւ Ռուզաննայի սցենարական պատմությունները, եւ նրանք էլ չեն լինի։ Փոխարենը կավելանա երկու կերպար, որոնց դերակատարների անունները ես այս պահին չեմ հրապարակի»,- ասաց Արմենը։

Հատկանշական է, որ հեռուստասերիալը կարճ ժամանակահատվածում սիրվեց հեռուստադիտողի կողմից։ Պրոդյուսերի խոսքով` նրանց հաջողության գաղտնիքը կայանում է հետեւյալում. «Ճիշտ թիմային, պրոդյուսերական, սցենարական եւ դերասանական աշխատանք։ Վստահ եմ, որ մենք այս անգամ էլ կարդարացնենք մեր հեռուստադիտողի սպասելիքները»։
Նշենք, որ երկրորդ եթերաշրջանի` մոտ ութ սերիայի սցենար արդեն պատրաստ է։

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը