Եթե ձեր քաշը ավելացել է 2-3 կիլոգրամով, ուրեմն`կարելի է մտահոգվել. Դիետաներ

16:29   4 հունվարի, 2013

Ամանորից հետո շատերը հայտնաբերում են, որ գիրացել են, մասնավորապես քաշը ավելացել է մի քանի կգ-ով: NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում  Հայկական դիետոլոգիական ասոցիացիայի նախագահ, դիետոլոգ Գայանե Ղազարյանը նշում է, որ եթե քաշը ավելացել է 2-3 կիլոգրամով, արդեն կարելի է մտահոգվել:

«Այս դեպքում մենք նշանակում ենք 1-2 օրով բեռնաթափման դիետա (մոնոդիետա, այսինքն միայն մեկ սննդատեսակով), գումարած ֆիզիկական ակտիվություն, եւ շատ արագ ամեն ինչ կարգավորվում է»,- ասաց նա: Գայանե Ղազարյանի խոսքով` շատ կարեւոր է, որպեսզի  սնվեն 5 անգամ, սահմանափակեն արագ ներծծվող ածխաջրերը եւ կենդանական ծագման ճարպերը, օրական խմեն 1.5-2 լիտր ջուր, ամեն օր քայլել 30-40 րոպե արագ քայլքով: «Պետք է նիհարել դանդաղ, շաբաթական միջինը 500 գրամից ոչ ավել, օգտագործելով հետեւյալ երեք մոտեցումը միաժամանակ` համապատասխան դիետա, ֆիզիկական ակտիվություն, աուտոտրենինգ»,- ասաց դիետոլոգը:

Նրան ավելի շատ դիմում են Ամանորից առաջ, որպեսզի կարգի բերեն կազմվածքը եւ լավ տեսքով դիմավորեն Ամանորը: Գայանե Ղազարյանը  ազգաբնակչությանը կոչ է անում` առողջ սնվել, փոխել սխալ եւ վատ սննդային սովորությունները, չէ՞ որ մենք մեզանից ներկայացնում ենք այն, ինչ ուտում ենք: «Իսկ առողջ սննդակարգով մենք կարող ենք կանխել որոշ հիվանդություններ, իսկ հիվանդանալու դեպքում` շուտ վերականգնվել»,- նշեց նա:



© NEWS.am STYLE