«Եվրատեսիլ-2015». «Genealogy» խմբի տեսահոլովակի նկարահանումները սկսվել են (ֆոտո)

18:21   2 մարտի, 2015

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն սկսված են: Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, որտեղ հրապարակվել է համապատասխան լուսանկար` հետեւյալ մակագրությամբ.

«Մենք նկարահանում ենք «Մի ժխտիր»-ը»: Դատելով լուսանկարից` տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է:

Հիշեցնենք, որ առայժմ հայտնի է խմբի 6 անդամներից միայն չորսի անունը: Նրանք են` Եսայի Ալթունյան (Եվրոպա), Թամար Կապրելյան (Ամերիկա), Ստեֆանի Թոփալյան (Ասիա) եւ Վահե Թիլբյան (Աֆրիկա):

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:

Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ: 

Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»): 



© NEWS.am STYLE