Հայկական ամանորյա հյուրընկալության առանձնահատկությունները

13:02   26 դեկտեմբերի, 2012

Նոր տարին դիմավորելու նախապատրաստական աշխատանքներն իսկական սթրես են մեր օրգանիզմի համար, լրագրողներին տեղեկացրել են հոգեբան Խաչատուր Գասպարյանը, մանկական հոգեբույժ Մարուքե Եղիյանն ու դպրոցական հոգեբան Գեւորգ Եղիյանը։

Մասնագետների հետ զրույցի ընթացքում պարզվել է, որ ամանորից հետո այցելուների հոսքը հոգեբանների մոտ խիստ ավելանում է. Մարդիկ չեն դիմանում տոնական լարվածությանը։ Իսկ այս խնդիրն առատ հյուրասիրության միջոցով ինչ-որ բաղձալի ստատուսի համապատասխանելու ցանկության հետեւանք է։

Կային ժամանակներ, երբ դելիկատես հայթայթելը շատ դժվար էր, եւ հյուրին ձկնկիթ կամ գերմանական երշիկ հյուրասիրող ընտանիքն ինքնաբերաբար հարգանքի էր արժանանում։ Այս հնադարյան երեւույթն առայժմ չի լքել մարդկանց մտքերն ու արդյունքում ամանորյա նախապատրաստությունն այսօր հայ ընտանիքների միջեւ յուրատեսակ մրցակցության է վերածվել։ Այդ «մրցավազքը» ոչ միայն մեր դրամանպանակին է վնասում, այլեւ՝ առողջությանը։ Ընդ որում, խնդիրներ առաջացնելով թե՛ մարսողական, եւ թե՛ «մրցակցության» սթրեսով ու կարգավիճակին չհամապատասխանելու վախով ծանրաբեռնված նյարդային համակարգի հետ։

Հոգեբանները խորհուրդ են տալիս չլարվել ու հիշել, որ Նոր տարին տոն է, իսկ տոնը դրական հույզեր պետք է առաջացնի։ Թանկարժեք ուտեստներով շքեղ սեղան պատրաստելիս հիշեք՝ հունվարի երկուսից սկսած հյուր գնալիս ինքներդ եք երազում, որ ձեզ դիմավորեն ոչ թե հերթական մսային ուտեստով, այլ մեկ բաժակ սուրճով ու հաճելի զրույցով։



© NEWS.am STYLE