Հոգեբանի խորհուրդը. երջանիկ Ամանոր երեխայի համար

17:51   26 դեկտեմբերի, 2012

Նույնիսկ «ամենաիսկական» Ձմեռ պապ ու Ձյունանուշ հրավիրելով ու որպես ամենավերջին հեռախոսը նվիրելով երեխային, նրա համար իսկական տոն չեք երաշխավորում, լրագրողներին այսօր, դեկտեմբերի 26 –ին հաղորդեցին հոգեբան Խաչատուր Գասպարյանը, մանկական հոգեբույժ Մարուքե Եղիյանն ու դպրոցական հոգեբան Գեւորգ Եղիյանը։

Երեխային չես խաբի, նա հրաշալի զգում է ցանկացած կեղծիք ու ինտուիտիվ մակարդակով գնահատում է ընտանեկան մթնոլորտը։ Դեռեւս նյութական արժեքներով չփչացած երեխայի համար ընտանիքում սերն ու ներդաշնակությունը տոնածառի տակ դրված նվերի արժեքից շատ ավելի կարեւոր են։ Մասնագետները պնդում են, որ եթե ամանորյա գիշերն ընտանիքում իշխի սերն ու ըմբռնումը, երեխան երջանիկ կլինի, նույնիսկ եթե տոնածառի տակ ձեռագործ համեստ նվեր դրված լինի։ Փոքրիկը, ով մեծացել է ընտանիքում, որտեղ հայրն ու մայրն անդադար վիճում են, երբեք մինչեւ վերջ երջանիկ չի լինի։ Պատանեկան շրջանում ընտանեկան անհարթություններն ավելի տանելի են, քանի որ երեխան դրանք արդեն ընկալում է որպես ի վերուստ տրված, իսկ ավելի երիտասարդ տարիքում նա ծնողի հետ մեկ ամբողջություն է եւ հոր ու մոր յուրաքանչյուր վեճն անձնական ողբերգություն է դառնում։

Եթե ձեզ հաջողվել է տանը պահպանել սիրո ու ներդաշնակության մթնոլորտը, ապա երեխայի համար տոնի մեծ մասն ապահովված է։ Դրանից հետո արդեն բախվում ենք անկյունաքարին՝ իրականում Ձմեռ պապ կա՞, թե՞ ոչ եւ ինչպե՞ս այդ մասին հաղորել երեխային. «Փոքրիկին հատուկ ոչինչ պետք չէ ասել։ Երեխան ուզում է հեքիաթին հավատալ ու քանի դեռ նա չի մեծացել, կհավատա Ձմեռ պապին եւ ձեզ ոչինչ չի հարցնի», - հայտարարել է Խաչատուր Գասպարյանը։
«Մեծանալու» պահը յուրաքանչյուրի համա յուրովի է վրա հասնում, սակայն երեխայի կասկածելու ու «ինչո՞ւ է Ձմեռ պապը պապիկի ձայնով խոսում» տիպի հարցեր տալու պահից ամեն ինչ գաղտնազերծվում է։

«Նման դեպքում մի ստեք երեխային։ Ամենայն հավանականությամբ նա արդեն գլխի է ընկնում, որ Ձմեռ պապ չկա, եւ ձեր բառերում կնկատի կեղծիքը։ Այդպիսով նրան խաբել կսովորեցնեք, չէ՞ որ երեխայի համար իր ծնողից ավելի մեծ հեղինակություն չկա։ Ավելի լավ է ուղիղ ասել, որ Ձմեռ պապ չկա», - կարծում է Մարուքե Եղիյանը։ Իսկ թե ինչպես կասեք առանց նրան վնասելու, դուք ավելի լավ կիմանաք, յուրաքանչյուրին անհատապես է պետք մոտենալ։



© NEWS.am STYLE