Գարնանային դիմահարդարման առանձնահատկություններն ու միտումները. մասնագետի խորհուրդները

15:22   4 մարտի, 2015

Տարվա ցանկացած եղանակ իր միտումներն ու խնամքի ձեւերն է թելադրում դիմահարդարման մեջ, եւ գարունն էլ բացառություն չէ։ NEWS.am STYLE-ը զրուցել է դիմահարդար Ալյոնա Սաֆոյանի հետ եւ պարզել գարնանային դիմահարդարման առանձնահատկություններն ու նորաձեւ միտումները։

«Ցանկացած կին երազում է հարթ եւ գեղեցիկ մաշկի մասին։ Մեր կլիման այնպիսին է, որ ողջ տարվա ընթացքում պետք է խնամել մաշկը եւ, առավել եւս, գարնանը, քանի որ տարվա այս եղանակին արեւը շատ ագրեսիվ է։ Հարկավոր է ավելի շատ խոնավեցնել ու սնուցել մաշկը, կարելի է նաեւ կիրառել մերսման թերապիա։ Եվ նշեմ նաեւ, որ ցանկալի է օգտագործել SPF-ով քսուքներ՝ անցանկալի այրվածքներից խուսափելու համար»,-մեզ հետ զրույցում ասաց Ալյոնա Սաֆոյանը։

 

Խոսելով գարնանային դիմահարդարման միտումների եւ առանձնահատկությունների մասին, Ալյոնան ասաց.

«Որպես հիմնական առանձնահատկություն, դիհամարդարումը պետք է համահունչ լինի հագուստին եւ սանրվածքին։ Այսինքն՝ պարտադիր չէ գույների առատությունը։ Ինչպես եւ ամեն հարցում, այստեղ էլ ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ։ Պետք է հստակ տարբերել նաեւ խիստ գործնական, ցերեկույթի եւ երեկոյան մեյքափը։ 

Այս տարվա գարնանային դիմահարդարման մեջ նորաձեւ են նուրբ վարդագույն, թեթեւ ծիրանագույն եւ բաց մանուշակագույն ստվերաներկերը, իսկ շրթներկի հարցում շատ նորաձեւ են կրակագույնից մինչեւ մուգ կարմիր եւ մանուշակագույնի բոլոր երանգները»։ 

Գարուն 2015-ի համար Ալյոնա Սաֆոյանն առաջարկում է պատրաստի դիմահարդարման հետեւյալ տարբերակները։


Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE