Հայկական նեպոտիզմ՝ ինքնաոչնչացման ճանապարհ

21:15   13 մարտի, 2015

Վերջերս խորհելով հայկական մենթալիտետի առանձնահատկությունների մասին՝ ես եկա այն եզրակացության, որ մեր հիմնական խնդիրը, որի ցանկացած պարագայում խոչընդոտում է առաջընթացն ու զարգացումը, պայմանավորված է նեպոտիզմով. այսինքն՝  խնամիականություն, հարազատներին եւ բարեկամներին՝ անկախ նրանց ունակություններից եւ հնարավորություններից, մշտապես «առաջ տանելու» ցանկություն։

Ես իհարկե, ողջունում եմ մտերիմներին օգնելու մարդկանց ցանկությունը, հատկապես եթե խոսքը բարեկամի մասին է։ Սակայն այդ օգնությունը չպետք է վնասի մեկ ուրիշին՝ թեկուզ ոչ հարազատի, բայց մեկը, ով ավելի տաղանդավոր ու շնորհառատ է այդ հարցում։ Ներկայացնեմ մի քանի օրինակ, որոնք վստահ եմ, դուք նույնպես հանդիպել եք։

Ինձ ծանոթ բժիշկներից մեկը պատմել է իր հայտնի եւ մեծ հեղինակություն վայելող (այնքան հեղինակավոր, որ նա բավականին ծանրակշիռ մարդ է հայկական բժշկության ասպարեզում)  գործընկերներից մեկի մասին։ Ահա թե ինչ է անում այդ նույն բժիշկը։ Նա մենաշնորհ է բժշկության իր ոլորտում՝ կտրականապես թույլ չտալով ավելի երիտասարդ մասնագետներին վիրահատությունների կատարել, նոր մեթոդներ կիրառել. կոպիտ ասած՝ փակում է նրանց թթվածինը եւ այս ամենն իհարկե, հիվանդներին վնասելու հաշվին։ Ընդ որում, միակ բժիշկը (նրանից բացի), ով կարող է հիվանդներ ընդունել եւ վիրահատություններ կատարել (հետեւաբար, գումար վաստակել եւ փորձ ձեռք բերել) նրա որդին է։

Մեկ այլ դեպք։ Ընկեր ունեմ, ում որդին հայտնվել է Հայաստանի երիտասարդական հավաքականներից մեկում։ Տղան բավականին լավ հնարավորություններ ունի եւ տվյալ թիմում լավագույնն է։ Բայց երբ գործը հասնում է միջազգային մրցումներին, գուշակեք թե ու՞մ են ուղարկում։ Ճիշտ է, մարզչի որդուն, ով մեծապես զիջում է մյուսներին։ Եվ միայն համառության ու ծնողների ֆինանսական աջակցության շնորհիվ երեխան է հայտնվում մրցումներում եւ գրավում առաջին տեղ։ Նա հաջողակ է։ Իսկ ինչպե՞ս պետք է ծնողները, ովքեր ունեն խելացի եւ տաղանդավոր երեխաներ, սակայն չունեն գումար, բացատրեն իրենց երեխաներին այս  հերթական անարդարությունը։ Կամ այսքանից հետո ինչպե՞ս դաստիարակել ապագա սերնդին՝ ի՞նչ արժեքների վրա հիմնվելով։

Վստահ եմ, որ ներկայացված օրինակներին ծանոթ են բոլորը եւ ցավոք, սա արդեն սովորական երեւույթ է դարձել մեզ համար։ Ընդ որում, այնքան սովորական, որ ոմանք ոչ միայն չեն բարկանում եւ չեն քննադատում այս ամենը, այլ նորմալ ու ճիշտ են համարում։ Մենք պատրաստ ենք մեր սխալների մեջ մեղադրել բոլորին, բացի մեզանից։ Սակայն եթե «զինված աչքով» նայենք այս հարցին, ապա կհասկանանք, որ մենք արժանի ենք նրան, ինչ ունենք։ Եվ սա վերաբերում է մեր կյանքի բոլոր ոլորտներին։ Նախապատվություն տալով դիլետանտիզմին՝ մենք ինքներս ենք խոչընդոտում մեր զարգացմանն ու առաջընթացին, ոչ թե «մութ ուժերը»։ Եվ մինչեւ մենք չփոխենք մեր մտածելակերպը, ոչ մի հրաշք չի կատարվի։ Բարի պապիկը չի կարող գալ եւ փոխել մեզ. թեկուզ միայն այն պատճառով, որ մենք դա թույլ չենք տա։ Եվ հենց այս պատճառով է, որ մեզանից շատերը լքում են իրենց նախնիների հայրենիքը՝ բախտ որոնելով արտասահմանում։ Այնտեղ ավելի հեշտ է, այնտեղ խոչընդոտներ եւ արգելքներ ստեղծող հայեր չկան, իսկ երբ որեւէ հայրենակից ենք հանդիպում, փորձում ենք որքան հնարավոր է հեռու մնալ նրանից։ Անհեթեթություն է, բայց սա է մեր իրականությունը։ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը երբեք համաշխարհային ճանաչում ձեռք չէր բերի եւ չէր դառնա մեծանուն Շառլ Ազնավուր, եթե ապրեր Հայաստանում։ Օտար ափերում մեծ բարձունքների հասած բազմաթիվ հայեր կան, ովքեր սեփական երկրի սահմաններում պարզապես անպիտան եւ չփառաբանված կմնային։ Եվ խնդիրը ոչ թե մեր փոքրիկ երկիրն է, այլ այն, որ մենք ինքներս մեզ պարփակել ենք սեփական ծիծաղելի սկզբունքների եւ խնամիականության փոքրիկ աշխարհում...

 

Ալեքս Ալիխանյան



© NEWS.am STYLE