Ինչպե՞ս դիմահարդարվել. Խորհուրդներ մասնագետից

14:15   31 դեկտեմբերի, 2012

Այս տարի դիմահարդարման մեջ արդիական են  վառ գույները, հատկապես`  փայլերը: Այս մասին NEWS.am Style-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «ՆՆ» գեղեցկության սրահի դիմահարդար Քրիստինե Արշակյանը:

Նրա խոսքով` շատ նորաձեւ է համարվում ոսկեգույնը, արծաթագույնը, կարելի է համադրել նաեւ «հակադիր գույներ», օրինակ` կանաչը կապույտի հետ եւ այլն: 

«Այս տարվա դիմահարդարումը հնարավորություն է տալիս անել այն, ինչ ուզում ենք, սահմաններ եւ արգելքներ չկան, սահմանը անսահմանությունն է»,- ասաց նա: Նորաձեւության տենդենցներում այս տարի շրթներկը պետք է լինի մուգ, հագեցած գույն, օրինակ` բորդո, շագանակագույն եւ այլն: 

Աչքերի  դեպքում կարելի է օգտագործել  յուղոտ եւ փայլ ունեցող ստվերաներկեր, իսկ ծայրերը ընդգծել մատիտով կամ սուրմայով: Կարմրաներկը պետք է համահունչ լինի դեմքին  եւ դիմահարդարմանը:

Քրիստինեն խորհուրդ է տալիս դիմահարդարումը համապատասխանեցնել կերպարին եւ հագուստին: Օրինակ` առօրյա դիմահարդարման դեպքում պարզապես կարելի է ունենալ խնամված մաշկ, տոնային քսուկով ստանալ հարթ մակերես, օգտագործել քիչ կարմրաներկ եւ դիմահարդարումը պատրաստ է: Իսկ երեկոյան դիմահարդարում անելիս պետք է հաշվի առնել, թե որտեղ եք գնում, ինչ եք հագնելու եւ այլն: Օրինակ` կարելի է օգտագործել արհեստական թարթիչներ, մուգ ստվերաներկեր, մուգ շրթներկ:  Քրիստինեն վստահեցնում է, որ պրոֆեսիոնալի  ձեռքում դեմքի ցանկացած թերություն կարելի է թաքցնել կամ շտկել ճիշտ դիմահարդարմամբ:

Օրինակ, նա նշում է, որ եթե դեմքին որեւէ հատվածում օգտագործում ես մուգ գույներ, դա նեղացնում է տվյալ տարածքը, իսկ եթե ցանկանում ես լայնացնել այն, ապա պետք է օգտագործել բաց գույներ: Սա վերաբերում է թե շուրթերին, թե աչքերին:

Դիմահարդարը նկատեց, որ հայ աղջիկների եւ կանանց հիմնական սխալները կապված են հոնքերի խնամքի հետ, մասնավորապես` նրանք կարող է մասնագետի մոտ մշակեն հոնքերը, բայց հետո սկսեն անձամբ մշակեն դրանք եւ ամեն ինչ փչացնեն: Քրիստինե Արշակյանը խորհուրդ է տալիս կանանց եւ աղջիկներին` ունենալ դիմահարդար, դիմել մասնագետներին, ինչպես նաեւ`  հետեւել տենդենցներին, բայց չվազել դրանց հետեւից եւ միշտ հաշվել առնի անհատական առանձնահատկությունները:

Ի դեպ, ամանորին դիմահարդարման մեջ եւս գնաճ նկատվում է: Կենտրոնի գեղեցկության սրահներում դիմահարդարումը 10-25 հազար դրամ է, միայն աչքերի հարդարումը` 5000-7000 դրամ է, հոնքերի մշակումը` 2000-3000 դրամ:



© NEWS.am STYLE