Ֆիլմեր՝ ուրբաթ երեկոյան դիտելու համար. NEWS.am STYLE-ի ընտրությունը

22:28   12 մարտի, 2015

Առաջիկա կինո-ուրբաթը հիանալի հնարավորություն է տալիս դիտորդներին հայտնվել Հնդկաստանի էկզոտիկ միջավայրում եւ վերհիշել բոլորիս քաջ հայտնի Մոխրոտիկի պատմությունը։ Իսկ ինչը կարող է ավելի լավ ու հաճելի լինել, քան դասական դարձած ֆիլմերն ու պատմությունները՝ համեմված նոր գույներով եւ երանգներով։ «Մոխրոտիկը» ֆիլմը կարելի է դիտել եւ ամբողջ ընտանիքով, եւ ձեր սիրեցյալի հետ՝ հարատեւ սիրո բերկրանքը եւս մեկ անգամ զգալու եւ վայելու համար։ Ռեժիսոր Քենեթ Բրանը այնպիսի մեծ հմտությամբ եւ վարպետությամբ է դիսնեյական հայտնի մուլտհերոսին նոր շունչ պարգեւել, որ պետք է գնալ եւ անձամբ տեսել դա։ Հիանալի ռեժիսորական աշխատանք, հեքիաթային դեկորացիաներ, շքեղ կոստյումներ եւ իհարկե, անկրկնելի Քեյթ Բլանշեթը, ով ֆիլմում մարմնավորել է Մոխրոտիկի խորթ մայրիկին։ Հավատացեք, ֆիլմը դիտելը կարող է ռոմանտիկ երեկոյի նոր սկիզբ դառնալ։

Մեծ հաճույք կարող եք ստանալ նաեւ  «Մերիգոլդ» հյուրանոց. Բնակեցումը շարունակվում է» ֆիլմը դիտելիս։ Սա «Մերիգոլդ» հյուրանոց» ֆիլմի շարունակությունն է, որը պատմում է էկզոտիկ Հնդկաստանում գտնվող այս հյուրանոցի հաճախորդների մասին, ովքեր ցանկանում են մոռանալ իրենց անցյալը եւ նոր կյանք սկսել այս յուրահատուկ աշխարհում։ Ահա սա է Ջոն Մեդենի ֆիլմի հիմնական իմաստը։ Երկրորդ ֆիլմում օտարերկրացիների արկածները շարունակվում են Հնդկաստանում։ Անգլիական նուրբ հումորը, սրամիտ հերոսները, փոքր-ինչ թախիծն ու գրավիչ գույները ստիպում են զգալ կյանքի բոլոր հաճույքները...

«Սուպերֆորսաժ» արտառոց կատակերգությունն ասես հոլիվուդյան բլոկբաստերների ծաղրերգություն լինի։ Ֆիլմը պատմում է շքեղ ավտոմեքենաների, ավտոմրցարշավների եւ գողությունների մասին։ Սակայն պետք է նշեմ, որ հումորները որոշ հատվածներում անցնում են թույլատրելիի սահմանը, ուստի այն խորհուրդ չեմ տա դիտել ընտանիքի անդամների հետ միասին։ Սակայն ընդհանուր առմամբ ֆիլմը բավականին դինամիկ եւ զվարճալի է ստացվել։

 

Յուլիա Վարդանյան



© NEWS.am STYLE