Երեկ՝ մարտի 12-ին, վերջապես կայացավ Հայաստանը «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում ներկայացնող` «Genealogy» խմբի երգի տեսահոլովակի պրեմիերան, որից պարզ դարձավ, որ Հայաստանից խմբին միանում է Ինգա Արշակյանն, ով եվրատեսիլյան բեմում ելույթ ունենալու փորձ մեկ անգամ արդեն ունեցել է:
Եվրատեսիլյան մեր երգը, որը կոչվում է «Don’t deny» («Մի՛ ժխտիր»), գրվել է՝ հավատարիմ մնալով խմբի ձեւաչափին եւ ասելիքին: Սակայն երգի բառերը փոքրիկ իրարանցում են առաջացրել համացանցում: «Don’t deny, baby» արտահայտությունը շատերի մոտ զարմանք է առաջացրել: Մենք գիտենք, որ «baby»-ն անգլերենից թարգմանաբար նշանակում է փոքրիկ, որը նաեւ փաղաքշական դիմելաձեւ է, որով մարդիկ դիմում են իրենց սիրելիներին, եւ երեկվանից Facebook-ի օգտատերերին մի հարց է տանջում. «ո՞ւմ է ուղղված «baby»-ն»:
«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը երգի մասին ասել է. «Մենք համագործակցել ենք բազմաթիվ հայ կոմպոզիտորների եւ խոսքերի հեղինակների հետ: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի ընտրությունը կանգ առավ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի եւ խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի համատեղ աշխատանքի վրա: Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդիկ միասնական ու հաշտ են միմյանց հետ (ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում): Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:
Մնում է հուսալ, որ երգի եւ տեսոհոլովակի ասելիքն իսկապես տեղ կհասնի եւ ոչ մի «baby» չի խանգարի, որպեսզի մեր ձայնը լսելի դարձնենք աշխարհին:
Աշա