Էլթոն Ջոն vs Dolce & Gabbana. Միասեռ ամուսնություններ, արհեստական բեղմնավորում եւ բոյկոտ D&G-ի դեմ

10:05   16 մարտի, 2015

Հերթական սկանդալը շոու-բիզնեսի աշխարհում։ Էլթոն Ջոնը բոյկոտել է Դոմինիկո Դոլչեի եւ Ստեֆանո Գաբանայի արտադրանքի դեմ։

Դիզայներները իտալական «Panorama» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ասել են, որ դեմ են «գեյ-որդեգրությանն» ու փոխնակ մայրերին։ «Ոչ մի քիմիական ժառանգներ եւ փոխնակ արգանդներ։ Կյանքը պետք է շարունակվի այնպես, ինչպես ընթանում է եւ կան երեւույթներ, որոնք չես կարող փոխել։ Մենք ընդունում ենք միայն ավանդական ընտանիքները եւ ինքներս լինելով նույնասեռական՝ դեմ ենք միասեռ ընտանիքներում երեխա որդեգրելուն»։

Դոմինիկո Դոլչեն շարունակելով ասել է. «Քիմիական ճանապարհով ծնված երեխաներին ես արհեստական, սինթետիկ երեխա եմ անվանում...»։

Հայտնի երգիչ Էլթոն Ջոնը, ով ապրում է Դեւիդ Ֆերնիշի հետ եւ մեծացնում երկու «փոխնակ» որդիների, քննադատել է իտալացի դիզայներների արտահայտած այս կարծիքը։

«Ձեր արխաիկ մտքերը նույնքան հետամնաց են, ինչպես ձեր նորաձեւությունը,-  Instagram-ում գրել է Էլթոն Ջոնը։ Ես այլեւս երբեք Dolce & Gabbana չեմ հագնի»։

Իր այս գրառման վերջում երգիչը ավելացրել է #boycottDolceGabbana հեշթեգը։

Նշենք, որ այս բոյկոտին միանգամից միացել են Քորթնի Լավն ու Ռիքի Մարտինը։

 

 

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE