Հայկական սերիալներում նկարահանվող դերասանուհին կմասնակցի «Միսս տուրիզմ ինտերնացիոնալ» մրցույթին (ֆոտո)

10:52   18 հոկտեմբերի, 2012

Հայտնի մոդել, ինչպես նաեւ հանրությանը սերիալներից հայտնի 21-ամյա Արեւիկ Գեւորգյանը պատրաստվում է Հայաստանը  ներկայացնել «Միսս տուրիզմ ինտերնացիոնալ» գեղեցկության մրցույթ-փառատանին: Այս մասին NEWS.am Style-ի թղթակցի հետ զրույցում ասաց, Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, «Միսս եւ միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Այն անցկացվելու է դեկտեմբերի 12-ից հունվարի 2-ը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Մրցույթին մասնակցելու են աշխարհի մոտ 60 երկրների ներկայացուցիչներ, եզրափակիչը կայանալու է հենց Ամանորի գիշերը:

 

Աշոտ Խաչատրյանը շեշտեց, որ այս մրցույթը նորաձեւության եւ գեղեցկության աշխարհում մեծ հեղինակություն ունի, կազմակերպվում է պետական մակարդակով, տարբերվում է նվերների ճոխությամբ, աղջիկներին նվիրում են մարգարիտներ, ոսկե շղթաներ, թանկարժեք պայուսակներ եւ այլն: Ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի դերասաններ, մոդելային աշխարհում ճանաչված դեմքեր:

«Արեւիկ Գեւորգյանը հաղթանակի արժանի մասնակից է, ունի մեծ հնարավորություններ լավագույնս ներկայացնելու Հայաստանը: Նա արվեստագետի ընտանիքից է, իր գործի պրոֆեսիոնալ է, գրագետ եւ զարգացած աղջիկ է»,- ասաց Աշոտ Խաչատրյանը:

Նշենք, որ 21-ամյա Արեւիկ Գեւորգյանը 2010թ. մասնակցել է «Հայաստանի արքայադուստր» գեղեցկության եւ նորաձեւության մրցույթ-փառատոնին, դարձել է գլխավոր մրցանակակիր: 2010թ աշնանը նա Հայաստանը ներկայացրել է «Աշխարհի արքայադուստր» մրցույթին եւ արժանացել է «Միսս տաղանդ» տիտղոսին` ներկայացնելով մնջախաղ: Դրանից հետո մոդելը մասնակացել է 2011թ. Բոդրումում կայացած «Միսս 7 մայրցամաքին», որտեղ եւս արժանացել է «Միսս տաղանդ» մրցանակին եւ ընդգրկվել «Թոփ 7 լավագույնների» ցանկում: Արեւիկը ոչ միայն մասնակացում է մոդելային մրցույթներին, նկարահանվում սերիալներում, այլեւս սովորում է Թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում:

Անձնական տվյալներ են` ունի  1,75 հասակ, 90-60-92 չափեր:



© NEWS.am STYLE