Դիզայների խորհուրդներ. 2013թ նորաձեւության տենդենցները

17:07   1 հունվարի, 2013

2013թ նորաձեւության մեջ արդիական է կաշին, փայլուն եւ հետաքրքիր ֆակտուրա ունեցող կտորները: Այս մասին NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարմոնիա» նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար, նկարիչ, մոդելավորող, դիզայներ Միկա Դանիելյանը: «Օձի կաշին թե իր ֆակտուրայով, թե նախշերով զանազան է լինում, դրա համար կտորների մեջ պահպանվում է ֆակտուրա հասկացությունը»,- ասաց նա:

Դիզայների խոսքով` Ամանորի գիշերը արդիական է լինելու  մեծ քանակությամբ փայլը, այն կարող է լինել թե ոսկեգույն, թե արծաթագույն: Այս տարվա հիմնական գույներն են կապույտի բոլոր երանգները, կանաչը, ֆուքսիայի երանգները,  «ոստիկանի ոճը»: Դիզայները խորհուրդ է տալիս կոշիկները ընտրել ըստ հագուստի, հատուկ չափանիշներ չկան, կարող են լինել թե բարձրճիտքավոր, թե սաբոներ, թե այլ տեսակի կոշիկներ:  Պայուսակները եւս զանազան են, նորաձեւությունից դուրս են գալիս շատ մեծ պայուսակները, պահպանվում են միջին պայուսակները եւ փոքր կլատչները: Այլ աքսեսուարներից կարելի է ընտրել զարդեր, ականջօղներ, նորաձեւ են խոշոր քարերը, մեծ զարդերը: Շպարի մեջ նորից նորաձեւ է «սմոքի» ոճը, բայց ոչ միայն սեւի, այլեւ կարմիրի, շագանակագույնի երագներով եւ փայլով:

Նորաձեւ են ամենատարբեր երկարությամբ զգեստներ` կարճ, շատ կարճ, ծնկից բարձր եւ ծնկից ներքեւ, տաբատների առումով նորաձեւ է «բանան ոճը»` կոնքի հատվածից լայնացող, բայց ներքեւի հատվածում շատ չնեղացող, ծնկից ուղիղ իջնող տաբատները: Ամանորին կարելի է հագնել նաեւ քիփ, փայլուն «լեգենսներ»,

Նա կանանց եւ աղջիկներին խորհուրդ է տալիս ամանորի գիշերը հագնել կապույտի կամ կանաչի երանգներով եւ փայլով զգեստներ: Եթե հագնում եք շատ  բարձր ճիտքավոր կոշիկներ, ապա զուգագուլպաները պետք է լինեն հաստ, ոչ թե բարակ, եթե կոշիկ, ապա` բարակ:  «Մեր ագզին չի սազում «բատիլյոն» հասկացությունը, որովհետեւ ոտքը շատ է կտրում»,- ասաց նա: Միկա Դանիելյանը ոչ բարձրահասակ աղջիկներին խորհուրդ է տալիս գոտիներ կրել գոտկատեղեին, դրանք ավելի երկար ցույց կտան նրանց հասակը:

Տղամարդկանց նորաձեւության մեջ ավանդական պիջակների մեջ փոփոխություն է տեղի ունենում, այժմ արդիական են տարբեր գույների, գործվածքների, ասեղնագործության եւ փայլի համադրությամբ պիջակները: «Պետք չէ դառնալ նորաձեւության զոհ, այլ դրանից քաղել այն, ինչ համապատասխանում է տվյալ անձին»,- շեշտեց դիզայները:



© NEWS.am STYLE