Դի Դիկովսկի եւ Գեորգի Բունիաթյան. ջազ համերգ` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

13:54   26 մարտի, 2015

Ջազ երգչուհի Դի Դիկովսկին ժամանել է Երեւան: Պատճառը նրա երեւանյան մենահամերգն է, որը տեղի կունենա վաղը` մարտի 27-ին: Ջազ երգչուհին համագործակցում է «Հայաստանի ձայնը-3» նախագծից հայտնի Գեորգի Բունիաթյանի հետ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երգիչները խոսեցին իրենց համագործակցության, առաջիկա մենահամերգի եւ հետագա գործունեության մասին:

Դի Դիկովսկու խոսքով` նա ցանկացել է Երեւանում լինել Ցեղասպանության 100-րդ տարելիցին մոտ օրերին, որպեսզի որպես հայ իր լուման ունենա: «Համերգը նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին»,-ասաց նա:

Խոսելով Գեորգի Բունիաթյանի հետ համագործակցության մասին, Դիկովսկին ասաց, որ հետեւել է նրա գործունեությանն ու, որպես ջազ ոլորտում երկար տարիների փորձ ունեցող երգչուհի, որոշել իր փոքրիկ ներդրումն ունենալ երիտասարդ երգչի կարիերայում:

Գեորգին իր հերթին նշեց, որ երգչուհու հետ համագործակցությանը լուրջ է վերաբերվում: Նախ նրա փորձը, ապա` տարիքը, Գեորգիին ստիպել են «ձիգ» լինել, սակայն առաջին իսկ հանդիպումից երգիչներն ընկերացել են:

Նրանք չեն բացառում հետագա համագործակցությունը զուգերգի տեսքով, եթե գտնվի այնպիսի հեղինակ, որը երկուսի ոճին եւ ձայնին համահունչ երգ կգրի:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE