«Երբ հայ երիտասարդը չի ճանաչում Կոմիտասին՝ սարսափելի է». Գոռ Սուջյան

13:10   2 ապրիլի, 2015

Ազգային երաժշտության դերն ու  նշանակությունը  կարևորում են բոլոր սերունդների գիտակից  մարդիկ։ Ազգային դիմագծի  ձևավորման գործում անփոխարինելի  է  ազգային  մշակույթի  դաստիարակությունը։ Թեմայի շրջանակներում  NEWS.am STYLE-ի հետ զրուցեց երիտասարդ  երգիչ Գոռ Սուջյանը։ 

«Այն, ինչ հիմա կոչում ենք հայկական երաժշտություն,  խիստ  հակասում է մեր ազգային արվեստին ու երաժշտությանը։ Այդքան էլ ճիշտ չի լինի սերունդ դաստիարակել  ներկայիս ժամանակակից երաժշտությամբ: Մեզ  ոչ  բարեկամ  երկրում մի քանի անգամ ավելի շատ  է մեծարվում ազգային  արվեստը, քան մեզ մոտ: Նրանց  երեխաները  ազգայինով  են շնչում ու հավատացեք  դա  անարդյունք  չի  մնում»,- ասում է  Գոռ Սուջյանը։

Երգիչը կողմ չէ ազգային  երաժշտությանը ժամանականից մոտեցումներ տալուն,  քանի որ դրանք աղավաղված են։ Ասում է, որ շատ երաժիշտներ ազգային գանձերին անդրադսռնում են սեփական շահից ելնելով և արդյունքում երաժշտական  լուծումների արդյուքնն անհասկանալի է:

«Այլ է խնդիրը, երբ ազգային ստեղծագործությունը թարմացման նպատակով  նորացվում  է։ Բայց չեմ կարող ընդունել այն փաստը, երբ հայտնի երգերի վրա մի քանի բան ավելացնում են ու դարձնում են հիթ, որ հարսանիքներում երգեն»,-ասաց Սուջյանը և հավելեց, որ ինքն իրեն պահպանողական չի համարում և այլ մշակույթների ազդեցություններից  էլ  չի վախենում, բայց մի պայմանով.

«Միջազգային արվեստից կարելի է որոշակի տարրեր վերցնել միայն այն դեպքում, եթե դրանք  լավ  իմաստով են ազդում ժամանակակից  արվեստի  վրա  ու չեն խեղաթյուրում  մեր ազգային ժառանգությունը։ Պետք է կարողանալ  ազգայինը պահելով  առաջ  շարժվել»,-ասաց երգիչը:։

Ունեցածը  պահպանելու կարևորությունը Գոռը  քաջ  գիտակցում է, բայց չի  կարողանում մտաբերել ազգային արժեքների պահպանությանն ուղղված վերջին լայնամասշտաբ  նախագիծը։

«Ազգային երաժշտությունը գրեթե չի քարոզվում։ Այն փաստը, որ հասուն հայ երիտասարդը հնարավոր է, որ չճանաչի Կոմիտաս ու Եկմալյան, սարսափելի է։  Այս ամենի պատճառները  պետք  է  փնտրել մարդու դաստիարակության, կրթության, երկրի Մշակույթի  նախարարության մեղավորության մեջ։ Պետք է իրականացվեն հատուկ  նախագծեր, որոնք կվերհանեն ազգային արվեստը՝ առանց  աղավաղելու»,-ասաց Սուջյանը։

Գոռը դեմ չէ նորարարությանը, իհարկե, եթե զուգահեռ կարողանում ենք պահպանել նաև  ժառանգածը:

«Այդ  նորարարությունն այնքան լավը պետք է լինի, որ հարյուր տարի հետո էլ սերունդները ցանկանան պահպանել այդ ամենը։ Ես հավատում եմ դրան»,- այս  լավատեսական  տրամադրվածությամբ էլ Գոռն ավարտեց իր խոսքը։

Զրուցեց՝ Մ․Մ․



© NEWS.am STYLE