Ինչպես խոսել անկողնային խնդիրների մասին

22:46   5 հունվարի, 2013

Եթե զուգընկերոջ հետ անկողնում խնդիրներ կան, դրանք պետք է կարգավորել։ Իհարկե, կարելի է փոխել զուգընկերոջը, սակայն խելամիտ ու ավելի ազդեցիկ միջոց է սովորական անկեղծ զրույցը։ Իհարկե, այն ճիշտ վարելն այնքան էլ հեշտ չէ, սակայն այս բարդ հարցում NEWS.am STYLE–ը խորհրդակցեց ԵՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ։

Մի քանի պարզ կանոն կա, որոնց հետևելով՝ այդ «բծախնդիր» զրույցի վերջում ցանկալի արդյունքի կհասնեք։

Զրույցը մի սկսեք, եթե ձեզնից մեկին ինչ-որ կողմնակի բան է նյարդայնացրել։ Սկսեք ոչ թե բողոքից, այլ դրական նոտայից։ Նույնիսկ հասարակ ժպիտը կարող է բարեհաջող սկիզբ լինել։ Հասկացեք՝ այդ զրույցը ձեր զուգընկերոջ համար կրկնակի տհաճ է, քան ձեզ համար։ Ըմբռնող ու նրբանկատ եղեք։

«Եթե զուգընկերոջը ասում եք. «Քանի անգամ քեզ ասեմ, որ տանել չեմ կարողանում այս դիրքը», ապա դրան կհաջորդի կամ վեճը («Կրկին կոպտո՛ւմ ես»), կամ էլ զուգընկերը պարզապես կուլ կտա վիրավորանքը («Նա ինձ հետ խոսում է այնպես, ինչպես ուզում է»)։ Իսկ եթե նույն բանն ասեք այլ կերպ. «Սիրելիս, գուցե փոխենք դիրքը, ինձ այնպես ավելի է դուր գալիս» կամ նրբանկատորեն բացատրեք, թե ինչու սա ձեզ դուր չի գալիս, ապա արդյունքը մոտավորապես նույնը կլինի, բայց հարաբերությունները չեն փչանա։ Իրական արդյունքի հասնելու համար պետք է ժամանակին հասկանալ, որ վեճ է սկսվում, եւ կանխել հենց սկզբից։ Դադար վերցրեք, հանգստացեք (սովորեք հանդարտվել), ուշքի եկեք եւ նոր միայն վերադարձեք զրույցին։ Զրուցելիս ձգտեք առավելագույն ըմբռնողականություն ու հարգանք ցուցաբերել զուգընկերոջ հանդեպ. նա էլ է արժանի դրան, դուք էլ դրա կարիքն ունեք», – խորհուրդ է տալիս Վ. Շահրամանյանը։

Եւս մեկ կարեւոր մանրուք. նման զրույցի ընթացքում չի կարելի հիշել ու զուգընկերոջը համեմատել նախկիններից որեւէ մեկի հետ։ Այլապես վեճը պատրաստ է։

Որքան էլ շփոթվեք, ձգտեք խոսել պարզ ու հստակ, այլապես խոսակցությունը կվերածվի ոչինչ չասող  տաօրինակ զրույցի։ Խոսեք այն մասին, թե ինչն է ձեզ դուր գալիս, ինչը՝ ոչ, ինչ կցանկանայիք ներմուծել ձեր սեռական կյանք։ Խոսեք ձեզ անհանգստացնող հարցերի մասին. մտավախությունների, զգացմունքների, ցանկությունների…

Խուսափեք հռետորական հարցերից։ «Կարծում ես՝ ինձ այդպես դո՞ւր է գալիս...» արտահայտության փոխարեն անկեղծորեն ասեք. «ականջս մի համբուրի»։
Եւ, վերջապես, նման զրույցներում իրար հասկանալու վերջին գաղտնիքը. խոսեք գործողության մասին, այլ ոչ՝ անձի (զգացեք տարբերությունը «չեմ սիրում, երբ դու…» եւ «չեմ սիրում նման համբույրներ…» արտահայտությունների միջեւ) եւ խոսեք առաջին դեմքից («դու ամեն անգամ այդպես ես անում...» արտահայտության փոխարեն՝ «ես տխրում եմ, երբ դու…»)։

Մի մոռացեք նաեւ սեքսի դրական կողմերի մասին խոսել։ Հավատացեք, որ զուգընկերն  ավելի լավ կզգա, եթե ձեզ դուր չեկածի մասին ասելուց հետո նրան մեկ այլ գործում «փորձառու» անվանեք։ Դա կհարթի խոսակցությունից առաջացած բացասական հույզերն ու թույլ չի տա, որ նրա ինքնագնահատականն ընկնի։



© NEWS.am STYLE