Ուժեղ սեռի թույլ կողմերը

20:08   4 հունվարի, 2013

Այդքան ուժեղ ու անկախ, խիզախ ու հաստատուն տղամարդիկ որոշ հարցերում շատ զգայուն են։ Խոսքը նրանց սեռական հնարավորությունների քննադատության մասին է։ ԵրՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը NEWS.am STYLE –ի թղթակցին ասաց, որ տղամարդու համար սեքսը շատ ավելի ցավոտ թեմա է, քան կնոջ համար, եւ նրանց «բարձունքում լինելու» ներքին պահանջը շատ ուժեղ է։

«Որքան էլ նրբանկատորեն ասեք ամուսնուն, որ նա թույլ էրեկցիա ունի, կամ որ նրա տղամարդկային օրգանն, ըստ ձեզ, շատ փոքր է, կամ որ նա բավարար աշխույժ ու էներգիայով չէ, եւ այդ պատճառով էլ դուք չեք հասնում օրգազմի, զգալիորեն կնպաստեք դժվար լուծվող խնդիրների առաջացմանը»,- զգուշացնում է Վրեժը։

Ցանկացած անզգույշ խոսքով կամ, Աստված մի արասցե, քմծիծաղով կարող եք սարսափելի անինքնավստահություն հաղորդել ամուսնուն սեփական սեռական կարողության հարցում, եւ շատ խիստ կվիրավորեք նրան։ Նման իրավիճակներում պետք է շատ զգույշ լինել։

Եթե գիտեք, որ ձեր զույգը բարդույթներ ունի, օրինակ՝ ամաչում է իր կախ ընկած փորից կամ տգեղ խալից, մի խոսեք այդ մասին նույնիսկ կատաով։ Եթե զուգընկերներից մեկը պատրաստ չէ հաշտվել մյուսի ֆիզիկական արատների հետ, ապա ավելի լավ է ուժեղ ուղեկից փնտրել։ Մնացած դեպքերում փորձեք հաշտվել դրա հետ՝ կենտրոնանալով արժանիքների վրա։ 



© NEWS.am STYLE