Ավստրալիայում հայտնի հայ երգիչ Արան` հայկական շոու-բիզնեսի, «Եվրատեսիլի» եւ մի շարք այլ թեմաների մասին

11:02   8 ապրիլի, 2015

Ազգությամբ հայ այս երգիչը ծնվել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում: Բեմական գործունեությունը սկսել է որպես լատինաամերիկյան ոճի պարող` դառնալով ավստրալիական DanceSport մրցույթի երկակի չեմպիոն: Չնայած երիտասարդ տարիքին` Արան արդեն հասցրել է շրջագայել Ամերիկայով եւ  Եվրոպայով: 

Ինչո՞ւ Արայի ընտանիքը տեղափոխվեց Ավստրալիա: Ի՞նչ կարծիք ունի երգիչը հայկական շոու-բիզնեսի մասին եւ ո՞ր հայ կատարողներին նախընտրեց առանձնացնել:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Արայի հետ, որի ընթացքում հայազգի երգիչը ոչ միայն տալիս է վերը նշված հարցերի պատասխաններն, այլեւ խոսում է «Եվրատեսիլի» եւ Genealogy»-ի գաղափարի մասին:

- Արա, պատմեք, թե ինչպես Ձեր ընտանիքը տեղափոխվեց Ավստրալիա:

- Ծնողներս Ավստրալիա են տեղափոխվել 1960-ականներին. մայրս` Եգիպտոսից, հայրս` Լիբանանից: Մորս ընտանիքը լքել է Եգիպտոսը նոր կառավարչի` Աբդել Նասերի հակաեվրոպական քաղաքականության պատճառով: Նախնիներս եղել են Հայաստանի պատմական քաղաքներից` Կեսարիայից, Տիգրանակերտից, Ադանայից եւ Անտիոքից: Հայաստանից նրանց հեռանալը կապված է մի շարք հայերի արտագաղթի պատմության հետ, եւ նրանք ստիպված լքել են իրենց հայրենիքը:

- Իսկ երբեւէ եղե՞լ եք Հայաստանում:

- Այո: Ի դեպ, Հայաստանը շատ հատուկ տեղ ունի իմ սրտում: Առաջին անգամ Հայաստան եկա 1999 թ-ին ու մկրտվեցի Էջմիածնում: Դա ինձ համար աննկարագրելի իրադարձություն էր: Սփյուռքում գտնվող ոչ բոլոր հայերին է հաջողվում մկրտվել աշխարհի հնագույն այս տաճարում: Երկրորդ անգամ Հայաստան եկա 2007 թ-ին, իսկ սկսած 2010 թ-ից` ես ավելի հաճախ եմ այցելում Հայաստան: Ես չեմ փորձում ազգայնամոլ թվալ, բայց կարծում եմ` պետք է պահպանել թե՛ արեւելքում, թե՛ արեւմուտքում սպառնալիքի տակ գտնվող հայկական մշակույթը: 

- Ի՞նչն է Ձեզ հատկապես դուր գալիս Հայաստանում:

Ինձ դուր է գալիս այն, ինչ տեսնում եմ Հայաստանում` մարդկանց ջերմությունը եւ իհարկե, հարուստ պատմությունը:

- Ծնվել եք Ավստրալիայում, որոշ ժամանակ բնակվել՝ Ճապոնիայում, բազմիցս շրջագայել եք ԱՄՆ-ով եւ Եվրոպայով: Ո՞ր երկրի մշակույթն է Ձեզ առավել հոգեհարազատ:

- Որպես բեմի մարդ` ինձ դուր է գալիս լավ արձագանքող հանդիսատեսը: Ես մեծապես հավատում եմ էներգիայի փոխանակմանը, դա շատ կարեւոր է հաջող ելույթ ունենալու համար: Հանդիսատեսի պահվածքը գրեթե միշտ արտացոլում է իրենց մշակութային պատկանելությունը: Օրինակ, անգլոսաքսոն հանդիսատեսը կարծում է, որ ճիշտ է պարզապես նստել եւ լուռ դիտել ելույթը, իսկ Միջին Արևելքի եւ Ասիայի հանդիսատեսը հակված է մասնակցություն ունենալ կատարողի ելույթին: Տարբեր մշակույթների մարդիկ տարբեր կերպ են հաճույք ստանում ելույթից, եւ այս ոլորտում մասնագիտացված մարդիկ սովոր են այդ տարբերություններին:

- Հայտնի է, որ մինչեւ երգչի կարիերա սկսելը, զբաղվել եք պարով: Ե՞րբ հասկացաք, որ երգելը նույնպես պետք է Ձեր բեմական գործունեության մի մասը կազմի:

- Շատ երիտասարդ տարիքից եմ զբաղվել պարով, 4 տարեկանից դաշնամուրի դասերի եմ գնացել: Սակայն այդ ամբողջ ընթացքում, ինչ զբացվում էի պարով, միշտ մտածել եմ երգելու մասին, քանի որ ես երաժշտական անձնավորություն եմ:  Այնուամենայնիվ, DanceSport-ի մրցութային կարիերան ամենօրյա պարապմունքներ էր պահանջում եւ շատ ժամանակ չէր մնում երգելու համար: Երբ այդ մրցույթն ավարտվեց, որի ընթացքում ես երկու անգամ դարձա տիտղոսակիր, ավելի շատ ժամանակ սկսեցի տրամադրել վոկալային պարապմունքներիս` այդ ամենը զուգակցելով պարի եւ դասավանդման հետ: Աստիճանաբար սկսեցի կենտրոնանալ երգեր ձայնագրելու վրա եւ դադարեցի պարով զբաղվել` երգչի կարիերա կերտելու նպատակով:

- Երաժշտական ո՞ր ժանրերն եք նախընտրում:

- Միգուցե անհավատալի թվալ, բայց ես ինձ դասական երաժշտության երկրպագու եմ համարում: Մանկուց նվագել եմ Շոպեն, Մոցարտ, Բեթհովեն եւ մինչ այսօր հաճույք եմ ստանում դասական երաժշտությունից: Իսկ որպես պարող` լատինաամերիկյան երաժշտությունն է ինձ հոգեհարազատ:

- Իսկ համաշխարհային ճանաչում ունեցող ո՞ր երգիչներն են Ձեզ ոգեշնչում:

Շատ երգիչներից եմ ոգեշնչվում. նրանց թվում են անգլիական, լատինական, արաբական եւ եվրոպական մի շարք կատարողներ…Եթե թվարկեմ, ցուցակը շատ երկար կստացվի:

- Արա, հետեւո՞ւմ եք հայկական շոու-բիզնեսին: Ի՞նչ կասեք դրա մասին:

- Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ այնքան էլ չեմ հետեւում հայկական երաժշտական ինդուստրիային, այնուամենայնիվ, որքանով որ հասցրել եմ հետեւել` կարծում եմ, որ հայ փոփ կատարողները ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեն իրենց երգերն ու տեսահոլովակները միջազգային ստանդարտների հասցնելուն: Շատ երգիչներ չեն կարեւորում եզակի եւ յուրօրինակ լինելը: Շատ հաճախ եմ հանդիպում հայ երգիչների, ովքեր հրաշալի ձայնային տվյալներ ունեն, բայց ուշադրություն չեն դարձնում իրենց ոճին ու դիմահարդարմանը, այդ պատճառով էլ աննկատ են մնում միջազգային շուկայի համար:

- Այնուամենայնիվ, կա՞ն հայ կատարողներ, որոնց կառանձնացնեիք:

- Կան մի քանի փոփ կատարողներ, ում հարգում եմ իրենց սեփական ոճն ու անհատականությունն ունենալու համար: Նրանց թվում կնշեմ Անդրեին, Սիրուշոյին եւ Լիլուին… Նրանք տարբերվում են հայկական երաժշտական ոլորտում ու չեն կրկնօրինակում որեւիցե մեկին: Այդպիսին լինում է այն արտիստը, ով աճում է, ով այնքան համեստ է, որ կարողանում է սովորել մյուսներից: Հայկական երաժշտական ինդուստրիայում կան նաեւ անձինք, ովքեր կադրից դուրս են (օրինակ, օպերատոր Արտյոմ Աբովյանը, երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանը), բայց նրանց աշխատանքը եւս հիացմունքի է արժանի: Նրանք երկուսն էլ իրենց գործի վարպետներն են` միջազգային չափանիշներով:

- Ձեր երգերն անգլերեն են: Հնարավո՞ր է` մոտ ապագայում հանդես գաք հայալեզու ստեղծագործություններով:

- Երբեք մի ասա «երբեք»: Համենայն դեպս, այս շրջանում ավելի շատ կենտրոնացած եմ անգլերենի վրա, քանի որ երկրպագուներս հիմնականում անգլալեզու են:

- Իսկ ի՞նչ կասեք «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին: Միգուցե, մի օր հետաքրքրություն առաջանա ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում:

- Ես իսկապես երկար տարիներ է, ինչ հետեւում եմ «Եվրատեսիլին»: Շատ ուրախացա, երբ 2006 թ-ին Հայաստանը նույնպես մուտք գործեց այդ մրցույթ: Այո, հնարավորության դեպքում ես պատրաստ եմ ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում:

- Այս տարի Հայաստանը մրցույթում ներկայացնելու է «Genealogy» խումբը: Ի՞նչ կասեք խմբի գաղափարի մասին:

- Ես լսել եմ երգը եւ գաղափարի մասին վաղուց եմ տեղյակ: Գնահատում եմ այն փաստը, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռել սփյուռքում գտնվող հայերին ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլում»: Տեւական ժամանակ է, ինչ անհասկանալի պատճառներով արեւմուտքի եւ արեւելքի հայերը տարանջատվում են, ու սա հրաշալի հնարավորություն է մեծ բեմում միավորել այս երկու հատվածներում բնակվող հայերին: Ես նրանց մեծագույն հաջողություն եմ մաղթում ու վստահ եմ, որ նրանց միասնականությունը հաջողության գրավական կլինի ելույթի ժամանակ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE