Հարութ Բալյանը՝ ԱՄՆ-ում կայացած մենահամերգի եւ իր առաջիկա ծրագրերի մասին (ֆոտո)

12:45   9 ապրիլի, 2015

Վերջերս ԱՄՆ-ի DOLBY կինոթատրոնում կայացավ Հարութ Բալյանի մենահամերգը։ Սա երգչի թվով վեցերորդ մենահամերգն էր: Հարութը մենահամերգներով հանդես է եկել մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում։

«Որեւէ հատուկ խորագիր չուներ, ուղղակի պահը հասունացել էր՝ եւս մեկ մենահամերգ ունենալու, քանի որ ունեմ երգացանկ համալրված նոր երգերով։ Իմ կարծիքով բավականին բարձ մակարդակով է անցել։ Դահլիճում ներկաները անդադար պարում էին ու վայելում իրենց ժամանակը։ Անչափ կարեւոր է, որ համերգ եկած մարդը ժպիտով ու գոհունակությամբ հեռանա, հետո հաճելի խոսքեր ու կարծիքներ էի լսում»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է Հարութը։

Հարութը իր հանդիսատեսին մի շարք անակնկաալներ էր պատրաստել։ Մենահամերգին նա կատարել է նոր երգերը, եղել է «Հայաստան» երգի պրեմիերան, բացի այդ նա կատարել է ժողովրդական երգեր։ Հարութը նաեւ զուգերգ է կատարել այլազգի երգչուհիների հետ։

«Որոշել էի, որ համերգի ընթացքում հումորային համարներ լինեին, այդ պատճառով Հայաստանից հրավիրված էր Մկրտիչ Արզումանյանը, ով բեմ դուրս եկավ Անուշավան պապի կերպարով»,- նշեց երգիչը։

Ինչպես նշեց երգիչը Հայաստանում մենահամերգ անպայման կլինի։

«Առաջին գործը, որ պիտի անենք դա մենահամերգի DVD- տարբերակի թողարկումն է, քանի որ նամակներ եմ ստանում, որից պարզ է դառնում, որ բազմաթիվ մարդիկ հետաքրքրված են եղել համերգով ու կցանկանան ունենալ տեսագրությունը։ Կնկարահանվեն տեսահոլովակներ ու սպասվում է նոր զուգերգ»,- նշեց Հարութը։

 



© NEWS.am STYLE