Գյումրեցի Քարտաշյանները ցանկանում են հանդիպել Քիմ Քարդաշյանին (տեսանյութ)

11:35   11 ապրիլի, 2015

Գյումրիում բնակվող Քարտաշյան ընտանիքը ցանկանում է հանդիպել ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղեր Քիմ եւ Քլոե Քարդաշյաններին՝ տոհմածառերի հիման վրա ընդհանուր արմատներ գտնելու համար:

Քարտաշյանների տարածած տեսանյութում պատմվում է այս ընտանիքի ծագման մասին:

«Գյումրիում տոհմի ամենաավագ ներկայացուցիչն է 83-ամյա Ռաֆիկ Քարտաշյանը: Նա տիրապետում է իր տոհմի մասին ողջ ինֆորմացիային՝ սկսած 1860-ականներից, ներառյալ տոհմածառը, փաստաթղթեր եւ լուսանկարներ: Կարեն Քարտաշյանը Ռաֆիկ Քարտաշյանի որդին է եւ Գյումրիի «Անտիկա» արվեստի սրահի հիմնադիր-տնօրենը: Քարտաշյանները ցանկություն են հայտնում հանդիպել Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններին՝ տոհմածառերի հիման վրա ընդհանուր արմատներ գտնելու եւ Գյումրիում ապրող Քարտաշյանների կենսակերպին եւ գործունեությանը ծանոթացնելու նպատակով»,- ասվում է նրանց տեսանյութում:

Նշենք, որ գյումրեցի մեկ այլ ընտանիք՝ Քարտաշյան ազգանվամբ ավելի վաղ NEWS.am STYLE-ին պատմել էր, որ իրենք ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հեռավոր ազգականներն են: Հիշեցնենք, որ թատերագետ Լեւոն Մութաֆյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր, որ Գյումրիում ճանաչում է Քարտաշյանների, որոնք բարեկամ են հայտնի Քարդաշյաններին։ Ըստ Լեւոն Մութաֆյանի` Քարդաշյանի պապը եւ այդ ընտանիքի պապը հորեղբոր որդիներ են եղել։



© NEWS.am STYLE