Մարգարիտա Պոզոյան. Չեմ հավատում, որ իմ ազգությունն ազդել է հեռուստադիտողի ընտրության վրա «Ձայնում» (ֆոտո, տեսանյութ)

22:25   8 հունվարի, 2013

«Ձայնի» շրջանակում (ռուսական Առաջին ալիքի երաժշտական նախագիծ) Մարգարտա Պոզոյանի փայլուն ելույթները դեռ երկար կքննարկեն աշխարհի հայերը։ Ինչպես նաեւ այն, որ աղջկա հետ անարդար վարվեցին՝ նրան չորրորդ տեղը տալով։ Այդ եւ շատ այլ հարցերի մասին Մարգարիտա Պոզոյանը պատմել է NEWS.am STYLE –ին։

Ռիտա, հայ հանդիսատեսը համարյա ոչինչ չգիտի քո մասին, իսկ քո ծագման մասին խոսում է ազգանունդ։ Պատմիր քո, ընտանիքիդ, արմատներիդ մասին… 

Իմ արմատները Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղից են։ Երբ տատիկս փոքր էր, նրա ընտանիքն այնտեղից գաղթել էր Կրասնոդարի երկրամասի Օտրադնայա գյուղ։ Պատերազմի ժամանակ նրանք ստիպված էին լքել իրենց տունը՝ տեղափոխվելով Ռուսաստան։ Իսկ Պոզոյան ազգանունը մայրիկինս է, եւ շատ հպարտ եմ այն կրելու համար։ Պետք է նշել, որ դաստիարակվել եմ հայկական ընտանիքում՝ հայկական ավանդույթներով։ Կարծում եմ, դա շատ բան է ասում։ 

Ինչպե՞ս է սկսվել ստեղծագործական ճանապարհդ։ 

13 տարեկանում մասնակցեցի Դոնեցկի մարզի Արտեմովսկ քաղաքի «Բախմուտի աստղիկ» մրցույթին։ Դարձա Գրան-պրիի մրցանակակիր։ Այդ պատճառով էլ հստակ կարող եմ ասել, որ ստեղծագործական ճանապարհս բավականին լավ է սկսվել։ Ապա 14 տարեկանում դարձա Եվգենի Մարտինովի «Հայրական տուն» լիրիկական երգի բաց հեռուստատեսային փառատոն-մրցույթի հաղթող, իսկ 2001 թվականին հաղթեցի Սմոլենսկում Համառուսաստանյան երիտասարդական Դելֆիական խաղերում եւ դարձա ոսկե մեդալակիր։ Դրանից հետո երաժշտական միջոցառումներում ու մրցույթներում մասնակցությունը սովորական բան դարձավ։ 

Քո բեմական անունը Arishata է։ Ի՞նչ է այն նշանակում։

Շատ վաղուց, մոտ 7 տարի առաջ R'n'B երեկոյի համար մականուն էի փնտրում։ «Մարգարիտա Պոզոյան», «Մարգո» չէին սազում R'n'B երգչուհուն։ Մտածեցինք, մտածեցինք… Ինձ զանգեցին ընկերներս ու ասեցին. «Քեզ համար մականուն ենք մտածել։ Կլինես Արիշատա»։ Երբ հարցրի, թե ինչ է այն նշանակում, կատակեցին, ասելով՝ որ իմ անունն է՝ Ռիտա, միայն ինչ-որ հնագույն լեզվով։ Սկզբում հավատացի, երկար փնտրեցի ինտերնետում, գրքերում, բայց պարզվեց, որ նման անուն գոյություն չունի։ Թեեւ, մյուս կողմից, այնտեղ երկու հայկական արմատ կա՝ «արի» եւ «շատ»։ «Հեռու կգնա» -ի նման մի բան։

Իսկ ի՞նչ տվեց քեզ «Ձայն» նախագիծը։

Առաջին հերթին անհամեմատելի մեծ փորձ։ Իմ բավականին երկար գործունեության ընթացքում ոչ մի մրցույթում այդքան մեծ աշխատանք չի եղել՝ աշխատանք տեսացիկի համար, աշխատանք հեռուստադիտողի համար, հանդիսատեսի համար։ Դրանից բացի, դա իմ կյանքի առաջին ուղիղ եթերն էր։ Ինձ շատ բան տվեց նաեւ աստղերի, մասնագետների հետ աշխատանքը։ Կարելի է ասել, որ «Ձայնը» կայունանալու փորձ էր։

Դիմա Բիլանը քեզ հետ կապված ծրագրեր ունի՞։

Հարցրեք Դիմա Բիլանին, քանի որ, եթե նույնիսկ ունի, ես առայժմ ոչինչ չգիտեմ։

 Իսկ քո ծրագրե՞րը։

 Դե… Ես շարունակում եմ գրել իմ երգերը, իմ որակյալ երաժշտությունը… Իսկ թե ի՞նչ կլինի, ցույց կտա ապագան։ Ամեն ինչ տանում է դեպի մեներգչային ալբոմ, բայց եթե այն ձայնագրվի իմ ցանկացած մակարդակով, զգալի ֆինանսական աջակցության կարիք կլինի։ 

Իսկ քո երգերի ձայնագրությունն ունե՞ս։ Ցույց տուր մեր ընթերցողին, քանի որ «Ձայնը» նախագծում կատարել ես ամեն ինչ, բացի քոնից…

Ես շատ երգեր ունեմ, սակայն սդուդիական ձայնագրություն չունեմ, քանի որ միշտ ելույթ եմ ունենում Laya Bam Band կենդանի համույթի հետ։ Jazz Parking նախագծի գործակալ եմ։ Ելույթ եմ ունենում Ալեքսանդր Պանայոտովի, Ալեքսեյ Չումակովի, Ա-Ստուդիո խմբի, Պոլինա Գագարինայի, Մարիամ ու Արմեն Մերաբովների, Dorians խմբի, Էթերի Բերիաշվիլիի, N.A.O.M.I. խմբի, նախագծի մասնակիցներ Անաստասիա Սպիրիդովայի, Պոլինա Զիզակի, Գայանա Զախարովայի, Անաստասիա Չեւաժեւսկայայի, Էդվարդ Խաչարյանի, SugaMamMas դուետի եւ շատ այլ տաղանդավոր կատարողների հետ մի բեմում։

Ռիտա, շատերը Հայաստանում համաձայն կլինեն այն մտքի հետ, թե. «Եթե Մարգարիտա Պոզոյանը լիներ Մարգարիտա Պոզոեւա՝ անպայման կհաղթեր»: Ի՞նչ ես կարծում, ազգանունդ մեղավոր է, որ չես ընդգրկվել հաղթողների եռյակում:

Չեմ ուզում հավատալ, որ դա կապված է ազգությանս հետ: Վանում եմ այդպիսի մտքերն ու ուշադրություն չեմ դարձնում նման կարծիքներին: Մենք ապրում ենք տարբեր ազգություններով լի երկրում:Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ այստեղ ծնված եւ մեծացած մարդն այս երկրի քաղաքացի է: Շատ երաժշտական մրցույթներում ներկայացրել եմ Ռուսաստանն ու դրա համար իրավունք ունեի հավակնել «Ռուսաստանի Ձայն» կոչմանը: Ցանկանում եմ նշել, որ էականորեն չեմ վշտացել, քանի որ արել եմ այն ամենն, ինչ եզրափակիչ դուրս եկած մյուս մասնակիցները. ե՛ւ երգել եմ, ե՛ւ ներկայացրել եմ ինձ: Ի՞նչ կարելի է անել, պարզապես օրենքն է այդպիսին: Ամեն ինչ արել եմ մինչեւ վերջ:

Եղե՞լ ես Հայաստանում:

Այո, մի քանի անգամ: Այցելել եմ ե՛ւ ներկայացումների, ե՛ւ հենց այնպես՝ ընկերներիս տեսնելու համար: Հիշում եմ՝ 2010 թվականին Հայաստանում «Նոր Ալիք»-ի համար մրցույթ էր անցկացվում: Ես մասնակցել եմ դրան:

Տիրապետո՞ւմ  ես հայերենին:

Ցավոք՝ ոչ: Բայց անսահման ցանկություն ունեմ: Նույնիսկ դասավանդողի հեռախոսահամար եմ ձեռքբերել, սակայն ժամանակի մեջ չեմ տեղավորվում դասերի համար:

Ի՞նչ կասես քեզ երկրպագող հայ հանդիսատեսին:

Ընկերներ, շատ շնորհակալ եմ ուշադրության, մասնակցության ու շնորհավորանքների համար։ Դա ամեն ինչ արժե։ Եւ գվիտեմ, որ եթե Հայաստանից քվեարկելու հնարավորություն լիներ, ես հաստատ կհաղթեի։ Խոնարհվում եմ բոլորի առաջ։ 

Զրուցեց Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE