Նամակ խմբագրությանը. «Ինչպես ամուսնուս դուրս բերեմ Ֆեյսբուքից»

19:10   23 ապրիլի, 2015

Ամուսինս տարվել է Ֆեյսբուքով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում նա այնտեղ է ապրում։ Ամուսինս անգամ զուգարան գնալիս է հեռախոսը վերցնում, որպեսզի Աստված չանի, ինչ-որ մեկի գրառումն ու «լայքը» բաց չթողնի։ Արդեն կես տարի է, Ֆեյսբուքը մեր վիճաբանությունների առարկան է։ Շատերը կարող են կարծել, որ ես լուն ուղտ եմ դարձնում, սակայն նրանք ուղղակի չեն պատկերացնում հարցի կարեւորությունն ու լրջությունը։ Առավոտը սկսում է բոլոր գրառումներին պատասխանելով, աշխատանքի վայրում կրկին Ֆեյսբուքում է եւ անգամ երեկոյան տուն վերադառնալիս նա կրկին տարված է սոցիալական այս ցանցով եւ փորփրում է իր գրողի տարած հեռախոսն ու համակարգիչը։ Երբեմն նույնիսկ գիշերը չի քնում եւ այնտեղ է անցկացնում։

Ամենից շատ ինձ բարկացնում է այն փաստը, որ նրա ընկերների ցանկում կան մի շարք անծանոթ աղջիկներ, ում հետ նա բնականաբար ակտիվորեն շփվում է։ Եվ երբ ես նրան ասացի, որ ինձ դուր չի գալիս այս շփումը, նա ինձ «հետամնաց գեղացի» անվանեց։ Իբրեւ թե, նա վիրտուալ շփման եւ անգամ սիրախաղի մեջ ամոթալի ոչինչ չի տեսնում, իսկ ես փորձում եմ փակել նրա թթվածինը. այդպես էլ ասաց, պատկերացնու՞մ եք։ Բայց հետո հայտարարեցի, որ ես նույնպես կհետեւեմ նրա օրինակին եւ կվայելեմ վիրտուալ աշխարհի «վայելքները» ու կշփվեմ անծանոթ տղամարդկանց հետ՝ «ազատության այդ շունչը» զգալու համար։ Իմ այս խոսքերից հետո նա ասաց, որ «պարկեշտ ու ամուսնացած կինն ու մայրը այդպես չի վարվում»։ Ավելին, նա մեծ սկանդալ բարձրացրեց, երբ տեսավ, որ իմ ընկերների ցանկում մի քանի անծանոթ համադասարանցիներ (բնականաբար, տղամարդիկ) կան։ Անկեղծ ասած՝ ես ֆեյսբուքում գրանցվել եմ միտումնավոր եւ շատ հազվադեպ եմ ժամանակ անցկացնում սոցիալական այդ կայքում։ Բայց ինձ բարկացնում է այն փաստը, որ իրեն կարելի է, իսկ ինձ՝ ոչ։ Սա նորմալ չէ։ Միգուցե ես պահպանողական եմ, հետամնաց, բայց չեմ կարծում, որ ամուսնուն կարելի է թույլ տալ արկածներով ապրել՝ թեկուզ վիրտուալ։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի դավաճանություն։ Եվ վերջապես, նա ամուսնացած տղամարդ է, երկու երեխաների հայր, բայց դեռահասի պահվածք է դրսեւորում։

Ես հասկանում եմ, որ ցանկացած տղամարդ ինքնահաստատման շրջան պետք է անցնի։ Բայց ինձ թվում էր, որ նա բավականին կայացած ու հաստատված անձնավորություն է։ Նա երբեք կանացի ուշադրության պակաս չի զգացել, բայց այժմ նա ասես խենթացած լինի։ Բացի այդ, ես վերածվել եմ մի խելագար հիստերիկ կնոջ, ով  մշտապես սղոցում է իր ամուսնու նյարդերը։ Սկզբում ես դեմ չէի, որ նա Ֆեյսբուքում էջ ունենա, բայց ամեն ինչ պետք է իր սահմաններն ունենա։ Վիրտուալ կյանքը չպետք է խոչընդոտի իրական կյանքին։ Ինչպե՞ս բացատրեմ սա ամուսնուս, չգիտեմ։ Ինչպես ամուսնուս դուրս բերեմ Ֆեյսբուքից, որը քայքայում է մեր ընտանիքը։

 

 

 

Անուշ Բ.



© NEWS.am STYLE