Գարնանային սիրահարվածության սրացու՞մ, թե՞...

22:14   18 ապրիլի, 2015

«Գարունը սիրո ժամանակն է»՝  սա վաղուց քարացած կարծրատիպ է։  Մենք միշտ էլ ցանկանում ենք սիրել ու սիրված լինել ու սիրահարվում ենք անկախ տարվա եղանակից։ Սակայն պարզվում է, որ գարնանը մենք չափազանց խոցելի ենք ու մեր օրգանիզմը ուժասպառ է՝ ձմռան ցրտից ու մրսածությունից հետո։ Իսկ բնությունն ընդհակառակը՝ արթնանում է, եւ նրա կենսական էներգիան սկսում է առատորեն հորդել։ Այս տարբերության եւ անհամաչափության հետեւանքով էլ զգացմունքների՝ հատկապես սիրահարվածության, գարնանային սրացում է սկսվում։ Հենց ինքը՝ բնությունն իր զարթոնքով կարծես դրդում է մեզ ավելի զգայուն լինել։ Գարնանը սերն արթնանում է ոչ միայն հակառակ սեռի նկատմամբ, այլ մեզ շրջապատող ամեն ինչի՝ արեւի, երկնքի, ծաղիկների, անուշաբույր ու ծաղկած ծառերի․․․ Ավելի հաճախ ենք սկսում ժպտալ, ուրախանալ, բայց դրա հետ մեկտեղ նաեւ վշտանալ ու հիասթափվել։ Պատճառը մեր օրգանիզմի՝ ձմեռային շրջանից ամառայինի անցնելն է եւ այստեղ ոչ միայն սիրո ապրումներ, այլեւ անհանգստության, սպասման եւ տագնապի զգացողություն կա։

Իհարկե, ամեն մեկն յուրովի է վերապրում գարունը, սակայն շատերը հենց գարնանն են համարձակ քայլերի դիմում եւ արմատական որոշումներ կայացնում։ Հենց գարնանը բնության զարթոնքի ներքո էլ արթնանում է մեր օրգանիզմը. չէ որ մարդը նույնպես բնության մասնիկն է եւ կախված է նրա ռիթմերից ու օրենքներից։

Չնայած կայծակնային առաջընթացին ու կյանքի ռիթմին՝ այսօր անցումը մեկ եղանակից մյուսը ավելի քիչ է զգացվում, սակայն անցումն առկա է, եւ դա փաստ է։ Այդ պատճառով է գարնանամուտը հաճախ ուղեկցվում անկայունության, դյուրազգացության, ինչ-որ բանի պակասության զգացումով եւ որոշ փոփոխություններ կատարելու (ինչպես շուրջբոլորը, այնպես էլ մեր ներսում) եւ կարգավորելու ձգտումով։

Եվ այդ անկայուն ու դյուրագրգիռ իրավիճակից կարող է դուրս բերել միայն սիրահարվածությունը։ Գարունը համարվում է տարվա ամենառոմանտիկ եղանակը․ հենց գարնանն են ավելի հաճախ սիրահարվում մարդիկ։ Շատերի համար գարունը կապված է կենսական ծաղկունքի հետ․ այդ ժամանակահատվածում ոչ միայն բնությունն է արթնանում եւ ծաղկում են ծառերը, այն նաեւ սիրո եւ հոգու զարթոնք է։ Կյանքը կարծես նոր գույներ եւ հուզական բույրեր է ձեռք բերում։ Հենց գարնանն ենք մենք ավելի զգայուն, ավելի խոցելի եւ ռոմանտիկ  էակներ դառնում։ Հենց գարնանն ենք լցվում լավատեսությամբ, հավատով ու հույսով։ Իսկ ի՞նչը կարող է թեթեւության, առեղծվածի, երկրային, անբացատրելի եւ հեքիաթային զգացումից ավելի լավը լինել։

Գարնանը դրական տրամադրվածության պատճառով ամեն ինչ ավելի գեղեցիկ ու հաճելի է թվում։ Կարծես կյանքի մի նոր շրջան է սկսվում։

Չնայած ապացուցված է, որ սիրո գարնանային սրացումը պայմանավորված է հորմոնների ակտիվությամբ, բայց դա թողնենք գիտնականներին, չէ՞ որ սերը անբացատրելի մի զգացմունք է, որը կարող է հայտնվել շատ անսպասելի ինչպես գարնանը, այնպես էլ տարվա յուրաքանչյուր եղանակին։ 

 

Եվա Նավասարդյան



© NEWS.am STYLE