Exclusive. System of a Down-ի փորձը Հանրապետության հրապարակում համերգից առաջ (ֆոտո)

16:23   23 ապրիլի, 2015

Հանրապետության հրապարակին հարող փողոցներն առավոտից փակ են։ Ոստիկանները ժամը 11-ից արգելել են ելումուտը հրապարակ, System of a Down-ի երկրպագուներին հեռացրել են տարածքից։ NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում պատրաստված բեմի վրա քիչ առաջ տեղի է ունեցել լեգենդար ռոք խմբի համերգի փորձը։ Այս պահին բեմի վրա աշխատում են միայն տեխնիկները։


Երկրպագուների մեծ խմբեր հավաքված են Շահումյանի հրապարակում, մինչեւ թույլ կտան մտնել հրապարակ։ Հավաքվածների թիվը գնալով ավելանում է։

Հիշեցնենք, որ այսօր՝  ժամը 20։00-ին, System of a Down ռոք խումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացօթյա համերգ է տալու Հանրապետության հրապարակում իր Wake up the Souls համերգային շրջագայության շրջանակում:

Նշենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակից՝ Վազգեն Սարգսյան փողոցով, անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Համերգի մասնակիցները հրապարակից կարող են դուրս գալ միայն Ամիրյան փողոցի եւ Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից: Աբովյան  եւ Նալբանդյան փողոցներով քաղաքացիների մուտքն ու ելքն արգելվում է: Համերգի մասնակիցների թիվը սահմանափակ է, նրանց իրերն էլ ենթարկվելու են զննման:

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE