System of a Down-ի համերգն անցավ հորդառատ անձրեւի տակ, ջերմ մթնոլորտում (ֆոտոռեպորտաժ)

23:04   23 ապրիլի, 2015

System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում ավարտվեց: Շուրջ 2 ժամ տեւած բացօթյա համերգն ամբողջությամբ անցավ հորդառատ անձրեւի ներքո: Հայտնի ռոք-խումբը բացի իր հիթային երգերից երգեց նաև  մեկ հայերեն երգ՝ «Սարդարապատը»: (ֆոտոռեպորտաժ)

Ընթացքում SOAD-ն իր հիթերը «համեմում» էր հայերեն երգերից մեջբերումներով.  Sugar երգը կատարելիս, օրինակ, Դարոն Մալաքյանն իմպրովիզներ արեց՝ երգելով մի քանի տող «Ղափամա», «Աման թելո» երգերից, իսկ Սերժ Թանկյանը Science երգը կատարելիս արտասանեց մի հատված՝ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից:

Սերժ Թանկյանը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին իրենց ջերմ ընդունելու համար:

«Շատ-շատ շնորհակալ եմ, շատ ջիգյար եք դուք»,- ասաց նա:

Համերգի ընթացքում խումբը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված կոչով հանդես եկավ: Խումբը կատարեց 30-ից ավելի երգ՝ Holy mountains, Jet pilot, Suiete-pee, Prison song, U-fig, Aerials, Soldier Side -intro, B.Y.O.B, I-E-A-I-A-E-O և այլ հիթեր:

Նշենք, որ համերգից մի քանի ժամ առաջ արդեն հրապարակում ազատ տեղ չկար: Երկրպագուները առավոտից հավաքվել էին Շահումյան հրապարակում՝ մինչեւ ոստիկանները թույլ կտային նրանց մտնել Հանրապետության հրապարակ։ Բացի հայ երկրպագուներից, System of a Down-ի համերգին մասնակցելու էին եկել մեծ թվով երկրպագուներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից եւ Վրաստանից։

Հիշեցնենք, որ հայտնի ռոք խմբի երեւանյան համերգը կազմակերպվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, խմբի Wake up the Souls համերգային շրջագայության ընթացքում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



© NEWS.am STYLE