Ոճաբան Մարիաննա Մուկուչյանը` Այշվարիա Ռայի հետ համագործակցության մասին

11:03   28 ապրիլի, 2015

Միջազգային հարթակներում հայկական անունների հանդիպելը միշտ էլ հաճելի է հայերիս համար: Վերջերս այսկերպ մեզ զարմացրեց ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, ով հարդարել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկին` բոլիվուդյան աստղ Այշվարիա Ռային: Պարզվում է՝ սա Մարիաննայի միակ բոլիվուդյան համագործակցությունը չէ: Մարիաննան աշխատել է տարբեր աստղերի հետ. քրոջից` հայնտի երգչուհի Իվետա Մուկուչյանից սկսած մինչեւ Պրիանկա Չոպրա եւ «Միսս աշխարհ» տիտղոսին արժանացած Այշվարիա Ռայ:

NEWS.am STYLE-ն այս թեմայով բացառիկ զրույց է ունեցել միջազգային ճանաչում ունեցող դիմահարդար եւ վարսահարդար Մարիաննա Մուկուչյանի հետ:

Մարիաննա՛, ինչո՞ւ որոշեցիք մեկնել Գերմանիայից եւ կարիերան շարունակել Հնդկաստանում:

-Ես սիրում եմ ճանապարհորդել ու հաճախ եմ իմ` դիմահարդարի եւ վարսահարդարի աշխատանքը համատեղում ճամփորդելով: Օրինակ, աշխատել եմ Նյու Յորքում, Քեյփթաունում եւ Դուբայում: Կարծում էի` Հնդկաստանն էլ կլինի մի վայր, որտեղ կմնամ 2-3 ամիս, մինչեւ նոր երկիր ճանապարհորդելս, բայց աշխատանքն ու արկածները հանգեցրին նրան, որ իմ կարիերան մեծ հաջողություն ունեցավ այստեղ: Արդյունքում` արդեն մեկ ու կես տարի է հաջող գործունեություն եմ ծավալում Հնդկաստանում:

Եվրոպական եւ ասիական դիմահարդարման ոճերը, ակնհայտորեն, տարբերվում են միմյանցից: Այս ոճերից ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Քանի որ հայուհի եմ, բայց կյանքիս մեծ մասն անցկացրել եմ Գերմանիայում, ես հասկանում եմ դիմահարդարման ու վարսահարդարման այս երկու ոճերի առանձնահատկությունները: Այո, դրանք շատ են տարբերվում միմյանցից: Եվրոպական դիմահարդարումը շատ պարզ է եւ հասարակ. այն կենտրոնացված է դեմքի միայն մի հատվածի վրա: Եվրոպացիները սիրում են ընդգծել կամ շուրթերը, կամ աչքերը կամ մաշկը` պահպանելով բնական սանրվածքն ու տեսքը: Ասիական դիմահարդարման ու վարսահարդարման ոճն ունի հակառակ պատկերը` մեծ աչքեր, ծավալուն մազեր… Մի կերպարի մեջ կարող ենք տեսնել եւ՛ ընդգծված աչքեր, եւ՛ շուրթեր, եւ՛ ծավալուն մազեր ու շատ աքսեսուարներ: Նրանք սիրում են ընդգծել իրենց դիմագծերն ամբողջությամբ։ Իմ կատարած աշխատանքի 90 տոկոսում պահանջվում է ծավալուն վարսահարդարում… Անկեղծ ասած` ինձ դուր է գալիս պարզ, բնական նաեւ կանացի եւ դասական տեսքը: Այսպիսով, երբ աշխատում եմ հնդկական կերպարների վրա, միեւնույնն է` ձգտում եմ պահպանել պարզն ու դասականը:

Իսկ ինչպե՞ս սկսեցիք համագործակցել բոլիվուդյան աստղերի հետ:

- Իմ համագործակցությունը Բոլիվուդի հետ ինքնաբերաբար ստացվեց: Այստեղ ես աշխատում եմ  մի գործակալության հետ, որտեղ ինձ ներկայացնում  են որպես միջազգային դիմահարդարի եւ վարսահարդարի: Մի քանի ամսագրերի հետ աշխատելուց հետո իմ մասին լավ կարծիք ձեւավորվեց ու ինձ սկսեցին հրավիրել բոլիվուդյան աստղերի հետ համագործակցության: Առաջին անգամ աշխատել եմ Պարինետի Չոպրայի եւ Ալիա Բաթի հետ` VOGUE ամսագրի շապիկի համար:

Կպատմե՞ք հայտնի դերասանուհի, մոդել եւ երգչուհի Պրիանկա Չոպրայի հետ Ձեր համագործակցության մասին:

- Պրիանկա Չոպրային դիմահարդարել եմ Grazia ամսագրի շապիկի համար: Նա շտապում էր, ինչպես միշտ…Նրա օրը շատ հագեցած է, ու նա միշտ մի վայրից մյուսն է վազում: Այնուամենայնիվ, շատ բարեհամբույր անձնավորություն է:

Վերջերս աշխատեցիք նաեւ 1994 թ-ին «Միսս աշխարհ» տիտղոսին արժանացած հանրահայտ Այշվարիա Ռայի հետ: Ինչպիսի՞ զգացողություն էր աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկի հետ համագործակցելը:

-Հրաշալի էր աշխատել Այշվարիայի հետ: Ես փոքր-ինչ հուզվում էի, քանի որ նախկինում չէի համագործակցել նրա հետ, իսկ նա եղել է ու միշտ էլ կմնա միակ եւ անկրկնելի Այշվարիա Ռայը:  Զարմացել էի նրա բարության վրա…Շատ բարեհամբույր էր եւ հաճախ էր հարցնում, արդյոք չե՞մ ցանկանում որեւէ բան ուտել կամ խմել, փորձում էր օգնել ինձ` պահելով դիմահարդարման պարագաներս, որպեսզի հեշտացնի իմ աշխատանքը: Ես նրան դիմահարդարում էի նրա բնակարաններից մեկում, որտեղ նա ինձ ծանոթացրեց իր ամուսնու եւ ընկերներից մեկի հետ: Այշվարիայի հետ աշխատելը հեշտ էր ու հաճելի: Ինձ համար մեծ պատիվ է նրա բարձր գնահատականը:

Մարդիկ հաճախ են ֆորումներում քննարկում Այշվարիայի տեսքը: Օրինակկարելի է հանդիպել մեկնաբանությունների, թե Այշվարիա Ռայն առանց դիմահարդարման այդքան էլ գեղեցիկ չէ, կամ  նրա աչքերի գույնը բնական չէՈրպես Այվարիայի հետ աշխատած դիմահարդար` ի՞նչ կասեք նմանօրինակ խոսակցությունների մասին:

- Այշվարիան իմ տեսած ամենագեղեցիկ կանանցից մեկն է: Առանց դիմահարդարման էլ նա նույնքան գեղեցիկ է, որքան դիմահարդարմամբ: Նրա մաշկը շատ սպիտակ է, իսկ աչքերի շրջանում կնճիռներ գրեթե չկան: Այշվարիան շատ չնչին շտկումների կարիք ունի, քանի որ, գրեթե, անթերի է: Կարող եմ 100 %-ով վստահեցնել, որ նրա աչքերի գույնը բնական է, եւ նա լինզաներ չի կրում:

Մարիաննա, իսկ հոլիվուդյան աստղերից ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել:

- Կցանկանայի համագործակցել Բեյոնսեի, Ռիհաննայի, Նիքոլ Շերզինգերի եւ Քիմ Քարդաշյանի հետ:

Մինչ օրս կատարած Ձեր աշխատնքներից որի՞ համար եք, հատկապես, հպարտ:

-Դժվար է նշել, քանի որ այնքան շատ համագործակցություններ եմ ունեցել` ամսագրերից մինչեւ հեռուստատեսային գովազդ ու հայտնի մարդիկ…Ցանկացած ասպարեզում էլ հպրտությամբ եմ աշխատել, բայց կառանձացնեմ Այշվարիայի հետ համագործակցությունս:

Հայտնի է, որ հաճախ հենց Դուք եք հանդիսանում Ձեր քրոջ` Իվետա Մուկուչյանի ոճաբանը: Հայկական շոու-բիզնեսից էլ ո՞ւմ հետ կցանկանայիք աշխատել:

-Ցավոք, ես ու քույրս հաճախ իրարից հեռու ենք գտնվում, աշխարհի տարբեր ծայրերում ենք բնակվում. ուստի միշտ չէ, որ կարողանում եմ աջակցել նրան դիմահարդարման ու վարսահարդարման հարցերով: Բայց երբ միասին ենք լինում, անպայման, ֆոտոշարք ենք իրականացնում: Ինչ վերաբերում է հայկական շոու-բիզնեսի այլ ներկայցուցիչներին, ցավոք, այդքան էլ ծանոթ չեմ նրանց հետ, որպեսզի կոնկրետ անուններ նշեմ…

Այնուամենայնիվ, ի՞նչ կասեք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների ոճի մասին:

- Ես սիրում եմ կանացիությունն ու դասականը եւ չեմ ընդունում, երբ ամեն ինչ շատ է արվում: Մազերը հաճախ շատ ծավալուն են լինում, աչքերը ծանրաբեռնված են լինում չափից շատ ստվերաներկով ու կեղծ թարթիչներով, շուրթերը շատ վառ են լինում եւ այլն:  Կցանկանայի նրանց ավելի քիչ դիմահարդարմամբ տեսնել` առանց աչքի մատիտի, պարզապես, կոկիկ դեմքով ու բնական մազերով:

-Իսկ որպես դիմահարդար` ի՞նչ խորհուրդ կտաք հայ աղջիկներին եւ կանանց:

-Խորհուրդ կտամ, որ երբեմն քիչ դիմահարդարմամբ դուրս գան: Շատ դեպքերում պետք է, պարզապես, կրել ամառային թեթեւ շրթներկ ու թարթչաներկ: Երբեմն, դա ավելի լավ է նայվում, քան շատ դիմահարդարված դեմքն ու աչքերը:

Ես սիրում եմ դիմահարդարումը, բայց այն չպետք է միշտ կրել…Այն, ուղղակի, պետք է օգնի, որ կարողնաք ընդգծել ձեր բնական գեղեցկությունը:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE