«Եվրատեսիլ-2015». ինչպես են ընտրվել «Genealogy»-ի 6 անդամներն ու այլ մանրամասներ

14:16   27 ապրիլի, 2015

Երբ ստացա «Եվրատեսիլ-2015»-ին  մասնակցելու հրավերը, չեմ կարող նկարագրել իմ հուզմունքն ու ոգեւորությունը: Կրկին այդ զգացողություններն ապրելը ինձ համար մեծ երջանկություն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի անդամ Ինգա Արշակյանը: Նրա խոսքով` իրենք շատ մեծ աշխատանք են տանում, որպեսզի հաղթանակով վերադառնան մրցույթից: Երգչուհին նշեց, որ միակ խոչընդոտը, որին հանդիպել են «Genealogy»-ի անդամները, եղել է միմյանց չճանաչելն ու միասին բեմում երգած չլինելը, սակայն կարողացել են հաղթահարել դա` փորձերի ու նրա շնորհիվ, որ մտերմացել են այնքան, որ հասկանում են միմյանց կես բառից եւ հայացքից:

Ասուլիսին ներկա խմբի մյուս անդամները նույնպես կիսվեցին իրենց տպավորություններով եւ ներկայացրեցին, թե ինչ են զգացել, երբ Հանրային հեռուստաալիքից ստացել են մրցույթին մասնակցելու առաջարկը:

Եսայի Ալթունյան (Եվրոպա)

Ֆրանսիայում ինձ քանի անգամ առաջարկել են մասնակցել «Եվրատեսիլ»-ին, սակայն միշտ մերժել եմ, բայց երբ առաջարկ ստացա Հայաստանից, միանգամից ասացի` այո:

Վահե Թիլբյան (Աֆրիկա)

Երբ նամակ ստացա Գոհար Գասպարյանից, մի քանի օր չէի պատասխանում, կարծում էի` սփամ է, սակայն հետո ուշադիր կարդալով, որոշեցի պատասխանել: Անցան օրեր, ես նամակ չստացա, կարծեցի, թե գուցե ուրիշ մեկին են գտել, սակայն երբ հաստատվեց իմ մասնակցությունը, հուզմունքից ձեռքերս դողում էին:

Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյան (Ավստրալիա)

Երբ ստացա մրցույթի հրավերով նամակը, շատ ոգեւորվեցի, կարծեցի, թե օպերային մրցույթ է, սակայն հետագայում էլ իմանալով, որ խոսքը «Եվրատեսիլ»-ի մասին է, շատ ուրախացա, քանի որ միշտ երազել եմ լինել Հայաստանում եւ Հայաստանը ներկայացնել միջազգային մրցույթում:

Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ պատմեց, թե ինչպես են գտել 5 մայրցամաքների հայ ներկայացուցիչներին: Գոհարը նշեց, որ գործել են երկու տարբերակով` դիմել են ծանոթներին, ընկերներին եւ համացանցի օգնությանը:


«Եսայիին, օրինակ, գիտեինք, քանի որ նա մի քանի տարի առաջ եկել էր Հայաստան, գործունեություն էր ծավելել այստեղ, Թամար Կապրելյանին ճանաչել եմ համացանցի օգնությամբ, Վահեին եւ Ստեֆանիին նույնպես գտել եմ Google-ում որոնումներ անելով, իսկ Մերի Ջիին առաջարկել է Արաքս Մանսուրյանը, ում սանը եւ նա եղել է: Ինգա Արշակյանին ընտրել ենք  ամենավերջում: Ինչու հենց նա, որովհետեւ նա ճանաչված է եւ սիրված սփյուռքում իր հայկականության շնորհիվ: Կարծես նա Հայաստանի սիմվոլը լինի», -նշեց Գոհար Գասպարյանը:


«Եվրատեսիլ» մրցույթի կանոնակարգի համաձայն` բեմում արգելվում է  վեցից ավելի մասնակից ունենալ: Անդրադառնալով այս խնդրին` Գոհար Գասպարյանը նշեց, որ կարեւորը տվյալ դեպքում լավ ելույթ ունենալն է: «Անշուշտ, լինելու  է նաեւ բեմադրություն, սակայն ոչ մասնակիցների հետ: Նրանք պետք է կենտրոնանան իրենց կատարման վրա, քանի որ երգը բարդ է, սակայն լինելու է հայկական շնչով եւ տարրերով թվային բեմադրություն»,-ասաց նա:

Եվրոպա մայրցամաքի ներկայացուցիչ Եսայի Ալթունյանն էլ իր խոսքում նշեց, որ բեմում չեն լինելու վեց հոգով, այլ 10 միլիոնով, քանի որ ամբողջ հայ ժողովուրդն է լինելու բեմում այդ օրը:

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին:  «Genealogy»-ին ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում` մայիսի 19-ին, 2-րդ համարի ներքո:

Տեքստը` Շուշան Շատիկյանի

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE