Եթե համեմատենք 90-ականների հետ, ապա հիմա պարը զարգացում է ապրում. բալետմայստեր Գագիկ Կարապետյան

13:45   29 ապրիլի, 2015

1982 թվականից՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի եւ Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, բարեփոխիչ եւ բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի, ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են պարի միջազգային օրը։ Հայստանում այդ օրը նշում են 2005 թվականից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Բերդ պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գեւորգյան։

«Այս օրը իմ սիրտը կրկին հպարտությամբ է լցվում, որովհետեւ, բազում փորձություններ կրած մեր ժողովուրդը, բոլոր դարերում էլ ի զորու է եղել ծնել այնպիսի զավակներ, ովքեր աշխարհին ու մարդկանց ի ցույց են դրել մեր հոգու ցասումը, սերը, խնդությունը։ Սիրով շնորհավորում եմ բոլոր պարարվեստի նվիրյալներին»,- ասաց Կարեն Գեւորգյանը։

Իսկ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բալետմայստեր Գագիկ Կարապետյանի նշեց, որ այսօր ազգային պարը զարգացում է ապրում։

«Եթե համեմատենք 90-ականների հետ, ապա հիմա պարը զարգացում է ապրում։ 90-ականներին պարային խմբեր ընդհանրապես չկային։ Եվ ես շատ ուրախ եմ, որ հիմա տեսնում եմ երիտասարդ սերնդի մեջ՝ սերը պարի նկատմամբ»,- ասաց Գագիկ Կարապետյանը։

Ժամանակի ընթացքում ունեցած ձեռքբերումներից զատ, մեզ մոտ պարարվեստում կան մի շարք խնդիրներ։

«Ինչպես մնացած բնագավառներում, այնպես էլ պարարվեսոտմ կան մի շարք խնդիրներ։ Դրանցից առաջնայինը նոր պարերի բեմադրություններն են։ Ճիշտ է, մենք պետք է մեր ունեցած ժառանգությունը շարունակենք պահել, բայց պարն էլ է ժամանակի ընթացքում հնանում։ Մենք պետք է նորը ստեղծենք եւ մեր ապագա սերնդին ժառանգություն թողնենք»,- նշեց Գագիկ Կարապետյանը։

Իսկ Կարեն Գեւորգյանն էլ հավելեց, որ պատրաստվում են մյուս տարի պարի մրցանակաբաշխություն կազմակերպել։



© NEWS.am STYLE