Հայ եւ օտարազգի 40 երիտասարդ Երեւանում կպարեն հանուն խաղաղության

18:05   29 ապրիլի, 2015

 

Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթը եւ Շվեդիայից ժամանած «Հզոր Զգացմունքներ» բալետային պարային խումբը Երեւանում կիրականացնեն «Բարեկամության Կամուրջներ» համերգային ծրագիրը՝ մասնակցությամբ Իսպանիայից, Հունաստանից, Վրաստանից, Մոլդավիայից եւ Ուկրաինայից ժամանած «Երգենք եւ պարենք հանուն խաղաղության» ծրագրի մասնակիցների:

Ծրագրի գերնպատակն է միջազգային հանրության առավել լայն շրջանակներում լրացուցիչ անգամ բարձրաձայնել եւ արձանագրել դարի ամենազարհուրելի ոճրագործություններից մեկի՝ Հայոց Մեծ Եղեռնի եղելության տխրահռչակ փաստը, ինչպես նաեւ հայ եւ օտարազգի տարբեր մշակույթներ կրող 40 երիտասարդ արտիստների մասնակցությամբ համատեղ համերգ-ելույթով  հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի վառ հիշատակին:

Համերգը տեղի կունենա մայիսի 3-ին, ժ. 19:00, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Գեղարվեստական ղեկավար՝ Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան:

 



© NEWS.am STYLE