Snoop Dogg-ի երեւանյան համերգի վերջնական ամսաթիվը դեռ ճշտվում է

16:52   30 ապրիլի, 2015

ONE Production ընկերությունը հաստատել է համացանցում տարածված լուրերը, որ հայտնի ռեփեր Snoop Dogg-ը  համերգ է ունենալու Երեւանում: Երեկվանից Facebook-ում տարածվել է միջոցառման մի հրավեր, որտեղ նշված էր, որ ռեփերը մայիսի 17-ին ելույթ է ունենալու Երեւանում: Միջոցառումը տարածվել էր ONE Production-ի անունից: Եվ, ահա, այսօր ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Snoop Dogg-ի համերգի վերաբերյալ հայտարարութունը ի սկզբանե ստեղծված է եղել երգչի մենեջերների կողմից հաստատման համար (համերգի ամսաթիվը դեռ ճշտման փուլում էր): Այն պաշտոնապես դեռ չէր հրապարակվել, իսկ հանդիսատեսին չէին ուղարկվել հրավերներ: Սա ընդունված երևույթ է, քանի որ այդ մասշտաբի աստղերի մենեջմենտը շատ խիստ և ճշտապահ է նման հարցերում: Սակայն ինչ-որ օգտատեր գտավ այդ հայտարարությունը մեր էջում, ինչից հետո այն չափազանց արագ տարածվեց՝ դուրս գալով մեր վերահսկողությունից:

Ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ այս ամենը սուտ չէ, և համերգի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, պարզապես դեռ ճշտվում է վերջնական ամսաթիվը: Խնդրում ենք զինվել համբերությամբ և հայցում ենք ձեր ներողամտությունը կազմակերպչական այս փոքր վրիպակի համար: Ներկայիս հայտարարությունը կհեռացվի, որպեսզի կանխվի ապատեղեկատվության տարածումը»:



© NEWS.am STYLE