Ամերիկյան համալսարանի ուսանողների անակնկալը՝ «Genealogy»-ի անդամներին (ֆոտո)

20:35   6 մայիսի, 2015

Այսօր «Եվրատեսիլ-2015»-ի հայ պատվիրակներն այցելել են Ամերիկյան համալսարան։ «Genealogy»-ի անդամներ Ինգա Արշակյանը (Հայաստան), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) եւ Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանն ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին իրենց արմատների, երաժշտական կարիերայի մասին, ինչպես նաեւ մի քանի երգ կատարեցին։

Ամերիկյան համալսարանի ուսանողներն էլ անակնկալ էին պատրաստել «Genealogy»-ի անդամներին՝ պարային եւ երաժշտական համարների տեսքով։


Համալսարանի ուսանողները նաեւ հարցեր ուղղեցին «Եվրատեսիլ-2015»-ի հայ պատվիրակներին։ Անդրադառնալով հարցին, թե ինչ են պատկերացնում՝ Հայաստան ասելով եւ ինչպես են զգում իրենց հայ լինելը, «Genealogy»-ի անդամները նշեցին.

Եսայի Ալթունյան. «Հայաստան ասելով ուժ եմ պատկերացնում»։

Վահե Թիլբյան. «Հայ լինելս զգում եմ քթիս օգնությամբ»,-կատակեց երգիչը։

Ինգա Արշակյան. «Հայաստանն ինձ համար նոր թխած հացի հոտն է, ջուրն է, մշակույթը»։

Ստեֆանի Թոփալյան. «Ընտանիքն է ինձ համար Հայաստանը»։


Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյան. «Հայաստանը կբնորոշեմ մեկ բառով՝ սեր»։

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE