Դալիթա. «Բարդ բան է, բայց կարևորը, որ ստացվում է...»

21:10   10 հունվարի, 2013

Դալիթան բավականին հայտնի դարձավ 2011 թվականին, երբ ներկայացրեց Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»: Անցել է մեկ տարուց ավելի: NEWS.am Style-ը որոշեց իմանալ, թե ինչո՞վ է զբաղվում փոքրիկ երգչուհին այսօր:

 Դալիթա ջան, կպատմես, ինչպե՞ս երգչուհի դարձար: Մանկո՞ւց ես սիրել երգել:

Այո, մանկուց սիրել եմ երգել և այդ իսկ պատճառով էլ ծնողներս ինձ երաժշտական դպրոց են տարել: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց...

Քանի որ դու այդքան էլ մեծ չես և հաճախում ես դպրոց, ինչպե՞ս են քեզ նայում դասընկերներդ: Հայտնի լինելը չի՞ խանգարում առօրյա կյանքում: Նախանձո՞ւմ են:

Հայտնի լինելը բացարձակ չի խանգարում: Դպոցականներիս և հատկապես դասընկերներիս հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ, իսկ եթե կյանքում կլինեն նախանձողներ՝ դա բնական երևույթ է:

Իսկ սիրո մասին արդեն մտածե՞լ ես:

Սիրո մասին դեռ չեմ մտածել: Շատ շուտ է:

Ի՞նչ պլաններ ունես 2013 - ում՝ տեսահոլովակ, համերգ, նոր երգեր...

Ընդհանրապես չեմ սիրում նախորոք պլաններ կազմել: Աստծո կամքով ինչը որ բարին է՝ թող այն էլ կատարվի: Հույսով եմ, որ այս տարի էլ, ինչպես բոլոր անցածները, ինձ համար կլինի նույնքան հաջողակ և բարիքներով լի: Տարին նոր է սկսվել, հույսով եմ, որ կլինեն նոր երգեր և նաև տեսահոլովակներ...

Եվրոտեսիլից հետո ինչպե՞ս փոխվեց կյանքդ:

Դե... Ավելի հայտնի դարձա և ունեցա բազմաթիվ հաջողություններ:

Երբևիցե փորձե՞լ ես ինքդ երգ գրել:

Այո, փորձել եմ երաժշտություն և խոսքեր գրել: Բարդ բան է, բայց կարևորը, որ ստացվում է:

Կասե՞ս, հավատո՞ւմ ես հրաշքների:

Այո, հավատում եմ: Կյանքում միշտ լինում են հրաշքներ:

Իսկ Ձմեռ Պապիկի բերած նվերներից ո՞րն է ամենաշատը տպավորվել քո մեջ:

Իմ Ձմեռ Պապիկի բոլոր նվերները ճաշակով են և յուրովի, բայց այս տարվա նվերներից հատկապես ուզում եմ առանձնացնել  պռոֆեսսիոնալ միկրոֆոնը:

Զրուցել է Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE