Նամակ խմբագրությանը. Իմ չիրականացած արաբական հեքիաթը

20:11   17 մայիսի, 2015

Կարծում էի` այդպես միայն հեքիաթներում ու ֆիլմերում է լինում։ Համենայնդեպս, ես չէի ակնկալում, որ ինձ հետ նման բան կպատահեր։ Անկեղծ ասած՝ ես մինչեւ այսօր չեմ հասկանում՝ ճիշտ եմ վարվել, թե ոչ։ Բայց ամեն ինչի մասին հերթով։

Ամեն տարի ես ընկերներիս հետ մեկնում եմ ԱՄԷ։ Ես մեծ ընկերական շրջապատ ունեմ եւ մեզ մոտ արդեն ավանդույթ է ձեւավորվել՝ ամեն տարի մեկնել ինչ-որ մի էմիրություն։ Ես ամուսնացած չեմ եւ մի քանի անհաջող հարաբերություններից հետո դեռեւս փնտրում եմ իմ կյանքի ուղեկցին։ Նշեմ, որ ԱՄԷ-ում արաբ տղամարդիկ երբեք չեն նայում օտարական կանանց։ Ի տարբերություն Թուրքիային եւ Եգիպտոսին՝ այստեղ սանձարձակ ու հանդուգն վերաբերմունք չեն տածում կանանց նկատմամբ։  Ընդհակառակը, այստեղ կանայք բավականին մեկուսացած, արժանապատիվ ու կարելի է անգամ ասել՝ վեհ դիրք ունեն։ Երբեք չի պատահել, որ ինչ-որ մեկը մոտենա կամ այլ ուշադրություն ցուցաբերի իմ կամ ընկերուհիներիս նկատմամբ։ Եվ հաշվի առնելով սա՝ այս պատմությունը բավականին անհավանական է թվում։

Մեր առաջին կանգառը եղավ Դուբայում։ Որոշեցինք մի քանի օր անցկացնել այնտեղ, որպեսզի կարողանանք սրտի ուզածի չափով գնումներ կատարել։ Իսկ հետո մտադիր էինք գնալ Ֆուջեյրայի էմիրություն։ Իմ «արքայազնին» հանդիպեցի Դուբայի բուտիկներից մեկում։ Ես ոչ մի ուշադրություն չդարձրեցի նրան, բայց ընկերուհիներիցս մեկն ասաց, որ նա ակնդետ նայում է ինձ։ Անկեղծ ասած՝ մենք մի փոքր վախեցանք, քանի որ մինչեւ գնալը առեւանգման եւ սեքսուալ ստրկության մի շարք պատմություններ էինք լսել։ Մենք արագ հեռացանք խանութից ու «հետքերը կորցնելու» եւ փոքր-ինչ շունչ քաշելու համար գնացինք սրճարան։ Ի զարմանս մեզ՝ 20 րոպե անց մատուցողը մրգով եւ քաղցրավենիքով լի մի ափսե բերեց՝ ասելով, որ մեզ հյուրասիրում են։ Հենց այս պահին մեզ մոտեցավ Նա։ Ժպտալով, հազար անգամ ներողություն խնդրելուց հետո ասաց, որ այսպիսին են տեղի սովորությունները։ Նա այնքան պարկեշտ ու հարգալից էր խոսում (անգլերեն), որ մենք մի պահ մոռացանք նրա հորինված «ավանդույթի» մասին։ ճիշտ է, մենք փոքր-ինչ հանգստացանք, բայց նրա ակնհայտ վերաբերմունքն իմ նկատմամաբ վախենում էր ինձ։ Հենց այդ նույն երեկո իմ հյուրանոցային համար մի մեծ ծաղկեփունջ բերեցին։ Ես շփոթված էի։

Հաջորդ օրը ես նրան տեսա հյուրանոցի մոտ։ Շնորհակալություն հայտնեցի ծաղիկների համար եւ միանգամից ասացի, որ ճիշտ է, շատ հաճելի է նման ուշադրության արժանանալ, բայց մեր միջեւ ոչինչ չի կարող լինել։ Ես երկար խոսում էի, բացատրեցի մեր մշակութային եւ կրոնական տարբերությունների մասին։ Նա համակ ուշադրությամբ լսում էր ինձ, սակայն այնպես էր նայում, որ իմ ներսում ամեն ինչ խառնվում էր իրար։ Բայց նա շարունակում էր ինձ հետեւել։ Անգամ երբ մենք գնացեք Ֆուջեյրայի էմիրություն, մի քանի օր անց նա եկավ այնտեղ։Նա ասում էր, որ սիրահարվել է  առաջին հայացքից, նշում, որ ամեն ինչ հասկանում է, բայց ոչինչ չի կարող անել։ Ամեն օր իմ համար էին բերում գեղեցիկ ծաղկեփնջեր, քաղցրավենիք, նվերներ, բայց ես հրաժարվում էի ընդունել դրանք՝  չնայած խոստանում եմ, որ գայթակղությունը շատ մեծ էր։ Անգամ ընկերուհիներս կատակում էին՝ ասելով, որ միգուցե պետք է ընդունել նրա առաջարկն ու դառնալ նրա Շահրազադը։

Զգում էի, որ օրեցօր իմ դիմադրությունը թուլանում էր։ Երբեք ոչ մեկն այդպես ուշադիր չէր եղել իմ նկատմամբ։ Ես ինձ ամենագեղեցիկն ու ցանկալին էի զգում, բայց երբ կամքի ուժը ստիպում էր ինձ իջնել ամպերից, ես հասկանում էի, որ մենք ապագա չունենք միասին։ Մեկնելուց մեկ օր առաջ ես գունավոր պատկերացրեցի, թե ինչ է ինձ սպասվում, եթե համաձայնեմ մնալ։ Նա հասկացավ ինձ եւ չստիպեց մնալ։ Ես մեծ դժվարությամբ վերադարձա Երեւան; Չնայած հասկանում եմ, որ ճիշտ եմ վարվել, բայց միգուցե պետք էր անտեսել նախապաշարումներն ու վախերը եւ վստահել ճակատագրին։ Չէ՞ որ միայն հեքիաթները չեն երջանիկ ավարտվում...

 

 

Մարիաննա Վ

 



© NEWS.am STYLE