EXCLUSIVE. Հոլիվուդյան դերասան Մայքլ Գուրջյանը` Մորգան Ֆրիմանի հետ շախմատ խաղալու եւ Քըրք Դուգլասի թանկարժեք նկարը փչացնելու մասին

11:01   15 մայիսի, 2015

Մայքլ Անդրանիկ Գուրջյան` դերասան, ռեժիսոր, սցենարիստ, որը հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քրիստիան Բեյլը («Նորություններ վաճառողները» 1992թ.), Ռոբերթ Դաունի կրտսերը («Չափլին» 1992թ.), Մել Գիբսոնը («Միշտ երիտասարդ» 1992թ.) եւ Մորգան Ֆրիմանը («Հորդառատ անձրեւ» 1998թ): Նա նաեւ հանդիսանում է «Illusion» («Պատրանք» 2004թ) ֆիլմի ռեժիսորը, որտեղ նկարահանվել է լեգենդենդար դերասան Քըրք Դուգլասի հետ:

NEWS.am STYLE-ը խոսել է «Էմմիի» մրցանակակիր, հայազգի դերասանի հետ։ Մեզ տված բացառիկ հարցազրույցում Մայքլը պատմել է ոչ միայն իր հայկական արմատների մասին, այլեւ կիսվել է հոլիվուդյան զվարճալի պատմություններով: 

- Մայքլ, պատմեք Ձեր ծագման մասին:

-Ես կիսով չափ հայ եմ, հայրս հայ էր: Նրա ծնողները ժամանակի ընթացքում տեղափոխվել են Միացյալ Նահանգներ: Պապիկս Պալու կոչվող գյուղից էր, տատիկս` Էրզրումից: Նրանք փախուստի են դիմել մինչեւ 1915 թիվը: Պապիկիս գյուղում զանգվածային ջարդեր էին սկսվել եւ նրա բարեկամներից ոչ բոլորը կարողացան փախչել: Նա հասավ Դետրոիթ, որտեղ էլ հանդիպեց իմ տատիկին, որն այնտեղ էր հասել Էրզրումից: Նրանք հանդիպեցին, ամուսնացան։ Հայրս ծնվեց Դետրոիթում, սակայն հետո նրանք տեղափոխվեցին Սան Ֆրանցիսկո: Այնտեղ էլ հայրս` մասնագիտությամբ ֆիզիկոս Պիտեր Գուրջյանը, հանդիպեց մորս` Սառային: Նա շոտլանդական եւ ամերիկյան ծագում ունի: Ահա այսպիսին են իմ արմատները:


-Հայաստանում եղե՞լ եք:

-Այո, եղել եմ…Հայաստան եկել եմ 2006թ-ին: Ինձ հետ էր նաեւ ընկերներիցս մեկը, որը լրագրող է: Մենք Հայաստան եկանք Վրաստանից եւ որոշ ժամանակ անցկացրինք այդտեղ:

- Իսկ ի՞նչն ամենից շատ հավանեցիք Հայաստանում:

-Մեր ժամանակի մեծ մասն անցկացրինք Երեւանում, եւ այն ինձ դուր եկավ: Ինձ համար դա մեծ փորձ էր: Ես այնտեղ էի իմ «Illusion» («Պատրանք») կոչվող ֆիլմի գործերով եւ հիանալի ժամանակ անցկացրեցի: Ինձ ցույց տվեցին քաղաքը, մարդիկ այնքան ընկերասեր էին…Ինձ այդ ամեն ինչ այնքան դուր եկավ, որ կցանկանայի վերադառնալ: Իհարկե, աշխատանքի բերումով փոքր-ինչ դժվար է դա համատեղելը, բայց կցանկանայի ավելի շատ ճանապարհորդել Հայաստանով, գնալ Սեւանա լիճ…

- Մայքլ, խոսենք Ձեր դերասանական գործունեությունից: Ինչպե՞ս սկսեցիք նկարահանվել Հոլիվուդում:

-Երբ բնակվում էի Սան Ֆրանցիսկոյում եւ Օքլենդում, հաճախում էի թատերական դասընթացների: Հետո ընդունվեցի UCLA քոլեջի թատերական բաժինը եւ սկսեցի մասնակցել հեռուստատեսային տարբեր քասթինգների: Առաջին աշխատանքս ստացա «Նորություններ վաճառողները» ֆիլմում, որտեղ հանդես եկա որպես պարող: Այն հիմա Broadway show է համարվում: Հետո ավելի շատ դերեր սկսեցի ստանալ: Ինձ հրավիրեցին մասնակցելու «Խնջույք` հինգի համար» շոուին: Ինձ դուր էր գալիս ֆիլմերում նկարահանվելը: Լոս Անջելեսը հրաշալի վայր է, բայց ես նախընտրում եմ Սան Ֆրանցիսկոն, քանի որ ընտանիքս այնտեղ է, իսկ Լոս Անջելես վերադառնում եմ խաղալու եւ ժամանցային նախագծերին մասնակցելու համար:

- Ի՞նչ եք կարծում` ո՞րն է այն ֆիլմը, որը մեծ հաջողություն բերեց Ձեզ:

-Ես հանդես եկա մի ֆիլմում, որը կոչվում է «Դեւիդի մայրը», որի համար արժանացա «Էմմի» մրցանակի, եւ դա ինձ շատ օգնեց: Իսկ երբ նկարահանվեցի «Խնջույք` հինգի համար» շոուում, մարդիկ ինձ ավելի շատ սկսեցին ճանաչել` որպես դերասանի:

 

- Իսկ հետո նկարահանվեցիք այնպիսի Հոլիվուդյան աստղերի հետ, ինչպիսիք են Քրիստիան Բեյլը, Մել Գիբսոնը, Ռոբերտ Դաունի կրտսերը եւ Մորգան Ֆրիմանը…Ինչ-որ հետաքրքիր դեպքեր հիշո՞ւմ եք նրանց հետ նկարահանումներից:

-Այո, շատ հայտնի մարդկանց հետ եմ նկարահանվել, ինչն ինձ համար մեծ փորձ էր: Մորգան Ֆրիմանը շատ լավ շախմատ է խաղում: Երբ միասին նկարհանվում էինք, նրա հետ հաճախ էի շախմատ խաղում: Քանի որ ես հայ եմ, բնականաբար, շախմատից շատ լավ եմ: Ինչ վերաբերում է մյուս բոլոր աստղերին, նրանք էլ հասարակ ու պարզ մարդիկ են:

- Խոսենք Ձեր` «Illusion» («Պատրանք») ֆիլմից: Ինչպե՞ս էր Քըրք Դուգլասի հետ աշխատելը:

-«Illusion»-ն առաջին ինքնուրույն ֆիլմն է, որի վրա աշխատել եմ: Դրա հիմքում ընկած է ֆրանսիացի գրող Պիեռ Կոռնեյլիի պիեսը: Ես ցանկանում էի ստեղծել մի ֆիլմ, որտեղ նաեւ կարող էի հանդես գալ որպես դերասան, իսկ այդ ստեղծագործության կառուցվածքը թույլ էր տալիս, որպեսզի այն բաժանեինք մի քանի մասերի: Ինձանից մոտ երեք տարի պահանջվեց, որպեսզի նկարահանեմ այդ ֆիլմը: Վերջում, ինձ հաջողվեց գլխավոր դերում նկարահանել Քըրք Դուգլասին, որը մարմնավորում է ֆիլմում իմ հերոսի  հոր դերը… նրա հետ աշխատելը հոյակապ էր: Մենք միասին մեկ ամիս ենք փորձ արել… նրա խաղն ուղղակի անկրկնելի էր…Սա նրա մասնակցությամբ վերջին ֆիլմն է:

- Համոզված եմ, որ այդ փորձերը չեն անցել առանց զավեշտալի միջադեպերի: Կհիշե՞ք որեւիցե մեկը:

-Հիշում եմ` մի անգամ Քըրք Դուգլասի հետ փորձ էինք անում նրա առանձնատներից մեկում, որը գտնվում է Բեւեռլի Հիլզում: Ես այն ժամանակ շատ փող չունեի եւ այնտեղ հասա ավտոբուսով: Փորձերից մեկի ժամանակ ես պատահաբար բախվեցի նրա պատից կախված մի նկարի եւ փչացրեցի այն: Այդ ժամանակ Դուգլասն ասաց. «Օ՜հ, ոչինչ, ամեն ինչ կարգին է…Սա, ընդամենը, Մարք Շագալի նկարներից է»: Պարզվեց, դա Մարք Շագալի օրիգինալ նկարներից էր, որը նկարիչը հատուկ ստեղծել էր Քըրք Դուգլասի համար: Փաստորեն, ես գրեթե փչացրեցի նրա արվեստի գործը:

- Հոլիվուդյան էլ ո՞ր աստղերի հետ կցանկանայիք նկարահավել միեւնույն ֆիլմում կամ նկարհանել Ձեր ֆիլմերում:

-Այդպիսի շատ դերասաններ կան… Սիրում եմ Ջոաքին Ֆենիքսին եւ Դենիել Դեյ-Լյուիսին, իսկ դերասանուհիներից` Նաոմի Ուոթսին, Հելեն Միռենին ու Մարիոն Կոտիլյարդին: Մեծ ցուցակ կստացվի, եթե նշեմ իմ բոլոր սիրելի դերասաններին:

 

- Իսկ հայկական կինոարվեստին հետեւո՞ւմ եք; Ի՞նչ կասեք այս թեմայով:

-Շատ բան չգիտեմ հայկական կինոարտադրության ու հայաստանցի դերասանների մասին: Գիտեմ, որ շատ հայ դերասաններ կան, որոնք աշխատում են Հոլիվուդում, սակայն կոնկրետ Հայաստանի կինոարվեստի մասին շատ բան չգիտեմ, բայց կցանկանայի իմանալ…

-Ներկա պահին ինչի՞ վրա եք աշխատում:

-Մի նովել եմ գրել, կոչվում է «Բեաթրիս»: Այն լույս կտեսնի այս աշնանը: Սա իմ առաջին նովելն է եւ դրա վրա աշխատել եմ երեք տարի: Այժմ գոհ եմ արդյունքից: Գրքի հիման վրա նաեւ սցենար եմ գրել եւ երբ գրքի հետ կապված աշխատանքներն ավարտեմ, կզբաղվեմ ֆիլմի նկարահանումներով: Հուսով եմ` նկարահանումները կսկսեմ մյուս տարի` Քալիֆորնիայում: Շուտով էկրաններ կբարձրանա նաեւ իմ նոր ֆիլմը, որը կոչվում է «Punk's Dead»: Այն «SLC Punk» կոչվող ֆիլմի շարունակությունն է, որը ես նկարահանել եմ մի քանի տարի առաջ:

- Մայքլ, ի՞նչ կմաղթեք News.am Style-ի ընթերցողներին:

-Մաղթում եմ բոլորիդ գեղեցիկ կյանք: Ես հպարտ եմ, որ հայ եմ… Հուսով եմ` դուք նույնպես:

 

Զրուցեց Սյունե Առաքելյանը

 




© NEWS.am STYLE