Ռեստորանների եւ հյուրանոցների գիդ. արագ սննդի տասը լավագույն ցանցերն աշխարհում

18:40   18 մայիսի, 2015

Սովորաբար ճամփորդելիս մարդիկ, ըստ նախօրոք կազմված ծրագրի, փորձում են տեսնել տվյալ երկրի բոլոր տեսարժան վայրերը։ Սակայն ոչ մի ուղեւորություն լիարժեք չէ, եթե զբոսաշրջիկը չի ծանոթացել հյուրընկալ երկրի խոհանոցին, եւ ինչու ոչ՝ չի համտեսել արագ պատրաստվող, օգտակար եւ թարմ ուտեստները։ Ուստի, որոշել ենք ներկայացնել արագ սննդի տասը լավագույն ցանցերն աշխարհում։

 1. «Fast Good», Իսպանիա

Ապրանքանիշը ստեղծել է մոլեկուլյար խոհանոց ունեցող «elBulli» ռեստորանի հիմնադիր Ֆերան Ադրիան։ Վերջինս ապացուցեց, որ վարպետորեն տիրապետում է ոչ միայն մոլեկուլյար խոհանոցի, այլեւ համեղ բուրգերներ, աղցաններ եւ կարտոֆիլ պատրաստելու գատնքիներին։ Հարց է առաջանում՝ «Ինչո՞վ է «Fast Good»-ն առանձնանում մյուս ցանցերից»։ Ֆերան Ադրիան պատրաստելիս օգատգործում է միայն բարձրորակ եւ թարմ միս, կարտոֆիլը տապակում է բացառապես Պրովանսից բերված ձիթապտղի յուղով, իսկ աղցանները՝ հատուկ, ֆիրմային սոուսներով։ Այստեղ նաեւ մատուցվում են առանց կոնսերվանտների հյութեր եւ կաթնային կոկտեյլներ։

2. «Pret-a-Manger» Մեծ Բրիտանիա

1986թ-ին երկու ուսանող հիմնեցին «Pret a Manger» ցանցի արագ սննդի առաջին կետը։ Նրանք առաջարկում էին թարմ եւ բնական մթերքով պատրաստված սենդվիչներ։ Իհարկե, այսօր աշխարհում առկա է ավելի քան 300 «Pret a Manger» սննդի կետ, որոնք մատուցում են նաեւ միրգ, աղցաններ, աղանդեր։ Ի դեպ, եթե ցանկանում եք պատվերը վերցնել ձեզ հետ, որոշակի զեղչեր են գործում։

3. «Теремок», Ռուսաստան

16 տարի առաջ Միխայիլ Գոնչարովը որոշեց բացել արագ սննդի ցանց, որի հիմքում ռուսական ազգային խոհանոցը կլինի։ Արագ սննդի այս ցանցում կարելի է ճաշակել թթվասերով եւ անգամ կարմիր ձկնկիթով լցոնած բլիթներ, ուխա (ձկնապուր), սնկով ապուր, բորշչ եւ այլ ուտեստներ։ Այստեղ հաճախորդներին յուրահատուկ սպասարկում է մատուցվում։ Աշխատակիցները հաճախորդին դիմում են շատ քաղաքակիրթ ձեւով՝ «Ի՞նչ կցանկանաք, պարոն (կամ տիկին»։

4. «Maison Eric Kayser», Ֆրանսիա

Ֆրանսիական «Maison Eric Kayser»-ը թխվածքաբլիթների մասնագիտացված ցանց է, որտեղ կարելի է համատեսել անկրկնելի կրուասաններ, ձիթապտղով բագետներ, տարբեր համեմունքներով սենդվիչներ, ինչպես նաեւ խոզապուխտով եւ պանրով թխվածք։

5. «Rossopomodoro» Իտալիա

Մի՞թե նեոպոլիտանական պիցերիայում առաջարկվող պիցցայից ավելի համեղ կերակուր կա։

«Rossopomodoro» նեոպոլիտանական պիցերիա է, որի առաջին ռեստորանը բացվել է 1997թ-ին։ Ժամանակի ընթացքում ցանցի ռեստորանների թիվը «սնկի պես աճել է», քանի որ պահանջարկ բավականին մեծ էր։ Այսօր «Rossopomodoro» սննդի կետեր կարելի է տեսնել Իսլանդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում եւ անգամ հեռավոր Արգենտինայում։

6. «Din Tai Fung», Թայվան

«Din Tai Fung» մեծ ճանաչում ունի ոչ միայն զբոսաշրջիկներ շրջանում, այլեւ տեղի բնակիչների։ Այստեղ կարելի է մոտ 30 տեսակ (ծովախեցգետնով, մանր ծովախեցգետնով, խոզի մսով, կանաչիով, կարտոֆիլով, պանրով) պելմենի ճաշակել։

7. «Nordsee», Գերմանիա

Հրաշք վայր ծովամթերքի սիրահարների համար։ Թեպետ սա արագ սնունդ մատուցող ռեստորան է, բայց այստեղ գներն ավելի թանկ են, քան այլ ցանցերում։

«Nordsee»-ում կարելի է նաեւ համտեսել ֆիշ-ընդ-չիպս եւ ծովատառեխով բուտերբրոդներ։ Եթե մտադիր չեք գումար խնայել, ուրեմն կարելի է նաեւ լոբստեր ուտել, որն այստեղ կրկնակի թանկ է։

8. «Febo», Ամստերդամ

«Febo» արագ սննդի ցանցերն առաջարկում են նրբերշիկների լայն տեսականի, բուրգերներ, կոտլետներ, տապակած կարկանդակներ եւ այլն։ Խանութի մուտքի մոտ կան դրամը մանրող հատուկ սարքեր, որպեսզի այցելուն այլ հաճախորդներից մանր չխնդրի։ Դրամը մանրելուց հետո արդեն կարելի է ընտրել ուտեստը, գցել գումարը եւ վերցնել պատվերը։ Բարի ախորժակ։

9. «Five Guys», ԱՄՆ

Բավականին լայն տարածում ունեցող սննդի ցանց, որի սպասարկումից օգտվել ու իր գնահատական է տվել անգամ Բարաք Օբաման։ Կերակուրները ընդամենը 10 րոպեում պատրաստում են հինգ մարդ. այստեղից էլ ծագել է ցանցի անվանումը՝ «Five Guys»։

10. «Soup Stock», Ճապոնիա

«Soup Stock»-ը համեմատաբար նոր, բայց արդեն մեծ ճանաչում ձեռք բերած ցանց է, որը Ճապոնիայում ունի մոտ 30 արագ սննդի կետ։ Մենյուում հիմնականում առաջարկվում են ավելի քան 40 տեսակ ապուրներ՝ պատրաստված միայն բնական մթերքով։ Ապուրները շատ հարմար են նաեւ այլ տեղում ճաշակելու համար, քանի որ մատուցվում են ստվարաթղթե հատուկ տարաների մեջ։



© NEWS.am STYLE