Մի հայ աղջկա ողբերգական պատմություն

21:04   9 հունիսի, 2015

Պատմությունը, որի մասին ցանկանում եմ բարձրաձայնել, հավանաբար շատերին է ծանոթ, քանի որ նման իրավիճակներին շատերն են բախվում։ Դրանք այնքան տարածված են դարձել, որ ոմանք արդեն նշանակություն չեն տալիս։ Ավելին, կգտնվեն անգամ մարդիկ, որոնք բավականին օրինաչափ կհամարեն այս տեսակ պատմությունները։ Եվ անձամբ ինձ համար դա շատ ցավալի է. չէ՞ որ այս պատմությունը ներկայացնում է ոչ միայն մեկ աղջկա ողբերգական կյանքի մասին, այլեւ բացահայտում է մեր հասարակության թերի կողմերը։ Հայերին՝ ըստ իրենց ծննդավայրի տարանջատելը, վաղուց ի վեր տարածված երեւույթ է։ Միգուցե այսօր այն այդքան էլ վառ արտահայտված չէ, բայց մենք միշտ էլ ինքներս մեզ համար որոշակիորեն տարանջատում ենք մեզ՝ «երեւանցի», «գյումրեցի», «ախպար», «վրացահայ», «Մոսկվայից եկած» եւ այլն։ Եվ եթե չլիներ այս բառերի ենթատեքստում թաքնված բացասական երանգը, ապա այս ամենը կարելի էր նորմալ համարել...

Այսպիսով, կար-չկար մի երեւանցի աղջիկ, ինչպես հայերն են ասում՝ տան աղջիկ, բավականին ճիշտ եւ պարկեշտ վարքագծով, համեստ մի անձնավորություն։ Եվ քանի որ նա ընտանիքում ավագն էր, բոլորն ամեն ինչ անում էին միայն աղջկա կրտսեր եղբոր համար։ Օրինակ՝ երբ հերոսուհու՝ արտասահմանում կրթություն ստանալու հարցն էր, ծնողները զրկում են նրան այդ հնարավորությունից, քանի որ տղային հարկավոր էր բանակից ազատել։ Ծնողները մտածեցին, որ չնայած նրա գերազանց ունակություններին՝ նա կարող է ավելի ցածր մակարդակի բուհ ընդունվել։ Աղջիկն ընդունում է ծնողների որոշումը եւ չի ընդդիմանում։ Եվ մի անգամ հերոսուհին սիրահարվում է։ Նրա առաջին եւ ըստ հայկական չափորոշիչների՝ բավականին ուշացած սերը։ Նա արդեն երկրորդ թե երրորդ կուրսի ուսանող էր։ Որպես տան աղջիկ՝ նա մինչ այդ ոչ մեկին չէր հանդիպել՝ չնայած երկրպագուներ էլ չէր ունեցել։ Եվ հանկարծ աղջիկը իրեն կին զգաց, եւ սիրո զգացմունքը այնքան ուժեղ էր, որ անգամ վախեցնում էր նրան։ Տղան բավականին լուրջ, անկեղծ մտադրություն ուներ. համաձայնեք, որ այս տեսակ աղջիկների պարագայում այլ կերպ անհնար է։ Եվ թվում էր՝ ամեն ինչ պետք է ավանդական հայկական հարսանիքով ավարտվեր։ Սակայն տղան ծնունդով փոքրիկ գյուղաքաղաքից էր, եւ դա լուրջ խոչընդոտ էր աղջկա ծնողների համար, քանի որ վերջիններս բնիկ երեւանցի էին։ Նրանք հայտարարեցին, որ եթե նա ամուսնանա այդ «գյուղացու» հետ, ապա կարող է մոռանալ հայրական տան մասին. դա էր միայն պակասում։ Աղջիկը չհամարձակվեց Ջուլիետ դառնալ եւ հնազանդվեց ծնողներին։ Մեկ տարի անց նա հանդիպեց մի երեւանցու՝ չնայած պարզվեց, որ տղայի ծնողները կրկին մարզից էին։ Բայց նրանք վաղուց էին տեղափոխվել Երեւան եւ այո, աղջկա տարիքն էլ իրենն ասում էր. չէ՞ որ հայ աղջիկը արժանի չէ եւ իրավունք չունի երկար մնալ հայրական տանը։ Ամուսնությունից հետո առաջին տարին բավականին դժվար էր աղջկա համար, քանի որ տղայի ծնողները ակտիվ մասնակցություն էին ունենում երիտասարդների ամուսնական կյանքում։ Այս եւ մի շարք այլ խնդիրներ հանգեցրեցին նրան, որ զույգը հայտնվեց բաժանման եզրին։ Աղջիկը տառապում էր։ Նա չէր սիրում իր ամուսնուն։ Մի անգամ նա նույնիսկ մտածեց ամուսնուլուծության մասին, բայց եղբայրը միանգամից հայտարարեց, որ նա պետք է մոռանա այդ բառի մասին։ Ավելին, նույնիսկ եթե նա դիմի այդ «խայտառակ քայլին», ապա հայրական տան դռները ընդմիշտ կփակվեն նրա առաջ։ Եվ նա նահանջեց։ Այժմ աղջիկը երեխաներ ունի։ Ամուսինը շատ է սիրում նրան, բայց նա այդպես էլ չի կարողանում իր սերը նվիրել ամուսնուն։ Այսպես միմյանց տանջելով, բայց պատշաճ եւ կարգ ու կանոնին համապատասխան էլ ապրում են նրանք։ Մի անգամ նրա մայրը խոստովանեց, որ չի կարող ներել իրեն, որ չի օգնել դստերը եւ խաչ է քաշել դստեր ճակատագրի վրա։ Բայց ինչ իմաստ ունի նրա ուշացած զղջումը...

Մեր հերոսուհու ողբերգությունը միայն այն է, որ նա աղջիկ է ծնվել։ Ի դեպ, նրա եղբայրը ամուսնացել եւ բաժանվել է, բայց ոչ մեկը չի քննադատել ու չի սպառնացել նրան՝ հայրական տանից դուրս հանելով։ Այս աղջկա ողբերգությունը մեր հասարակության մեջ առկա բաժանարար ծիծաղելի գծերն են, որոնք խորտակում են մարդկանց կյանքը, իսկ ճակատագիրը այնքան էլ շռայլ չէ նրանց նկատմամբ...

 

Էմմա Օ.

 



© NEWS.am STYLE