Արիկ Մանուկյանի ֆիլմը արժանացել է «Երեխաների իրավունքների պաշտպանության» մրցանակին

15:45   8 հունիսի, 2015

Հայկական ծագմամբ ռուս ռեժիսոր Արիկ Մանուկյանի «Մայրիկ» ֆիլմը Իրավական կամայականությունների դեմ պայքարող հանձնաժողովի կողմից արժանացել է «Երեխաների իրավունքների պաշտպանության» մրցանակին։ Ռեժիսորը պարգեւատրվել է այս մրցանակով ֆիլմի վեհության եւ պատկերավորության շնորհիվ։ Ըստ հանձնաժողովի անդամների՝ ֆիլմում հիանալիորեն արտացոլված են մեր ժամանակներին բնորոշ ծանր պայմանները, որոնց զոհը հենց երեխաներն են դառնում։

Ֆիլմը պատմում է միայնակ մոր մասին, որը որդու հետ Ռուսաստանի խուլ գյուղերից տեղափոխվում է քաղաք։ Երեխային սնունդով ապահովելու համար կինն իր վարձակալած բնակարանում կարի արհեստանոց է բացում, որը միանգամից հայտնվում է տեղի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Իսկ տասնամյա Դիման սկսում է գումար վաստակել էլեկտրագնացքի վրա աշխատելով։

«Ֆիլմի իրադարձությունների զարգացումը ստիպում է կրկին մտորել քաղաքացի-պետություն հարաբերությունների մասին»,- նշել է կինոքննադատ Անտոն Մեդվեդեւը։  

 

Աղբյուրը՝ Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոն

 



© NEWS.am STYLE