18-19-րդ դարերի ջութակների ցուցահանդես-վաճառք՝ Երեւանում

16:01   8 հունիսի, 2015

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում կոմպոզիտորի տուն- թանգարանում բացվել է 18-19-րդ դարերի հազվյագուտ ջութակների ցուցահանդես-վաճառք։

Ցուցահանդեսին ներկայացված են Անտոնիո Ստրադիվարիուսի, Նիկոլո Գալիանոյի եւ աշխարհահռչակ այլ վարպետների պատրաստած 8 ջութակները։ Նման ցուցահանդես Հայաստանում առաջին անգամ է կազմակեպվում։

«Ներկայացված յուրաքանչյուր ջութակ առանձին մի պատմություն է, եւ ամեն մի հեղինակ, որ ստեղծել է գործիքը, նրա մեջ ներդրել է իր ամբողջ վարպետությունը, իղձերն ու շնորհքը»,- ասաց «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:

Իսկ Del Gesu հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Դումիտրեսկուն նշեց, որ ուրախ է գտնվել Հայաստանում եւ մասնակցել Արամ Խաչատրյանի անվան մրցույթին։

 «Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողին անակնկալ ենք պատրաստել։ Դափնեկրին 1 տարի ժամկետով ցուցադրված գործիքներից մեկով նվագելու իրավունք կտրվի` J.B. Vuillaume-ի 1825 թ. ջութակով»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան- մրցույթ» մշակութային հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:

Մելինե Տոնոյան (լուսանկարները՝ NEWS.am STYLE-ի)



© NEWS.am STYLE