«Անավարտ դատ» կամ մտավորականի «կապույտը» չպետք է «կարմրի»

15:10   22 հունիսի, 2015

Որքան որ հեշտ է համատարած խավարում առկայծող լույսը տեսնել, նույնքան հեշտությամբ խավարը կարող է խժռել այդ լույսի շողը: Իսկ որպեսզի շողը մարելու փոխարեն բռնկվի և վերածվի ուղորդող ճրագի, պետք է խավարը հաղթելու և լույսը տարածելու ցանկությունը գերնպատակ լինի: «Համատարած խավարում առկայծող լույսը» մտավորականն է, իսկ թե նա որքանով է հաղթում խավարին և հասարակության համար դառնում լույսի և իմացության աղբյուր՝ մեծ հարցականի տակ էր դրել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի Մոսկվայի «Հայորդյաց տան» «Գավիթ» թատրոնի ռեժիսոր, «Անավարտ դատ» ներկայացման սցենարիստ և ռեժիսոր ՀամլետՂալեչյանը:

Հունիսի 19-ին Մոսկվայում բեմադրված ներկայացումն անդրադառնում էր Հայաստանից ապրուստի համար հեռացած մտավորականությանը: «Հայաստանից եմ գալիս, երկիր Նաիրիից եմ գալիս, Սևանա լճից եմ գալիս, Երևանից եմ գալիս…»: Կարծես թե անվերջ թվարկվող շարքը, որը հնչում էր օտար քաղաքացիություն ստացած, բայցև ամեն վայրկյան Հայաստանը կարոտող մտավորականի շուրթերից, ընդհատեց պիրոմանը՝ չէ մի չէ, նենց ես ասում, ոնց-որ թե մենք էլ Լոնդոնից ու Փարիզից են գալիս, մենք էլ ենք Հայաստանից գալիս էլի (Երիտասարդին անվանում էին պիրոման, քանի որ ուներ թմրախոտ, իսկ լուցկու որոնումներն անարդյունք մնացին): Եվ սկսվեց շփոթված մտավորականի հարցերի շարանը՝ ուղղված «սաղ կյանք Երրորդ մաս ապրած», հայրենիքից երբեք չհեռացած և դրանով իսկ «հեռացածներին դատելու իրավասություն» ստացած անանուն երիտասարդին և ողջ կյանքում Ռուսաստանում «ասֆալտ փռող» գյուղացի Զարզանդին: Իսկ գլխավոր հարցը մեկն էր՝ ներեցեք եղբայր, որտեղ եմ ես գտնվում: Հարցը մնաց անպատասխան այնքան ժամանակ, մինչև հնչեց ահասարսուռ և խելագարացնող ազդակը. դատավորներն էին գալիս: Եվ եկան դատավորները՝ վերևից բեմ իջնող պաստառների տեսքով: Նրանք էին՝ Հ. Թումանյանը, Պ. Սևակը, Հ. Սահյանը, Ե. Չարենցը, Ս. Կապուտիկյանը, Հ. Շիրազը: Եվ վերջապես կոկիկ հագնված, «ռուսի ասած պլոտնի» տղամարդը, ում զրուցակիցները, չնայած ասմունքող, դերասան ներկայանալուն՝ կաշառակեր չինովնիկ էին համարում, լսեց բաղձալի պատասխանը. «Ախպեր, դու մեռեր ես, իմալ ես ու էս տղեն ու դատավորներն պիտի դատեն քեզ»: Ու մինչ մտավորականը փորձում էր «մարսել լսածը», հասկանալ, թե որտեղ է սխալվել, ինչու են իրեն դատելու մարդիկ, որոնց խոսքն իր կյանքի ուղեկից է դարձրել ու դեռ քավարանանման վայրում էլ շարունակում էր կարդալ մեծերի գրածը՝ «Ախր ես ինչպես վեր կնեամ, գնամ» բանաստեղծությունից հետո հայտնվեց պիրոմանը, մտավորականի ծոցագրպանից հանեց կարմիր անձնագիրը և արհամարական տոնով ասաց. «Հլը մի րոպե, մի րոպե, էդ որ տենց խոսքեր գիտես՝ քո «կապույտն» ինչի ա «կարմրել»: Երևի ամոթից ա, հա՞: Թե նենց մտածեցիք գնանք, երբ Հայաստանում լավ լինի՝ կգանք: Էդ ո՞նց պիտի Հայաստանում առանց քեզ ու քո նման մտավորականների լավ լիներ: Կամ էլ որ լավ լիներ, էլ դուք ում էիք պետք լինելու: Թե չէ Հայաստանը լքել ու հայրենասիրությունից եք խոսում: Տո դուք ինչ հայրենասեր, դուք սկի Հայաստանն էլ չեք կարոտում, կարոտում եք Հայաստանում ապրած ձեր տարիներն ու շփոթում հայրենասիրության հետ»:

Ներկայացման ընթացքում հնչած շուրջ երկու տասնյակ բանաստեղծությունները ազդակ և հորդոր էին՝ ուղղված լսարանին, աշխատավորին ու մտավորականին, անհայրենիք մարդուն և հայրենիքը երբեք չլքածին: Հորդոր էին, գրքից ու գականությունից «կիլոմետրերով հեռու» երիտասարդի շուրթերով ուղղված մտավարոկանին. «Դու ու քո նմանները յուրացրել եք ազգային մտքի գոհարները, ժողովրդին թողել անգլուխ, իմ ու Զարզանդի նմաններն ղեկավարներ են դարձել, իսկ դուք ձեր խոհանոցում նստած մրթմրթում եք»: 

Այս և նմանատիպ խոսքերն էին, որ սթափեցրեցին մտավորականին, ով դառնալով պաստառներից իրեն նայող «դատավորներին»՝ ասաց. «Հասկանում եմ ձեր վիրավորանքը: Ուրիշները ռեստորաններից բեմ ու էկրան են բարձրարում, սկսում «կրթել» մարդկանց, իսկ ես բեմերից ու էկրաններից իջա ռեստորան»:

«Անավարտ դատը» հաշվետվություն էր սեփական խղճին, որում ընդգրկված էին դերասաններ Հմայակ Հակոբյանը, Արգիշտի Սարգսյանն ու Համլետ Ղալեչյանը. վերջինները նաև դասախոսել են բուհերում: Նրանցից յուրաքանչյուրը ժողովրդին «անգլուխ» թողած մտավորականներից է. պետք է մնային և ցրեին խավարը:

«Ինչպես ներկայացման ընթացքում տեսաք՝ յուրաքանյուր ոք պատախանատու է իր խղճի, սերունդների առջև: Սցենարում կային բավական սուր հատվածներ, որոնք տղաներն առաջարկեցին հանել: «Անավարտ դատը» վերադարձի կռիվ է ինքներս մեզ հետ: Ինչպես ներկայացման վերջում տեսաք՝ երիտասարդն ու Զարզանդը դիմեցին դատավորներին՝ մտավորականին վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար, քանի որ համոզվեցին, որ նա դեռ ասելիք ունի: Մտավորականոթյունն այլընտրանք չունի, նա վաղ թե ուշ պետք է վերադառնա»,- մեզ հետ զրույցում ասաց Համլետ Ղալեչյանը:

Հատկանշական է, որ «Գավիթ» թատրոնի ղեկավար Համլետ Ղալեչյանի բեմադրած ներկայացումները, որոնցից են՝ «Մեղվահովիտ», «Անառակ հոր վերադարձը», մի քանի հայ ընտանիքի՝ Հայաստան վերադառնալու ազդակ են եղել: Հանդիսատեսից լսվող արձագանքներից պարզ դարձավ, որ նման ազդակ է դառնալու նաև «Անավարտ դատը», որտեղ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ վեադարձնել մտավորականին բեմ և էկրան, թե թողնել ռեստորանային հանդիսավարի մակարդակում:



© NEWS.am STYLE