«Էլեկտրաէներգիայի թանկացումն անպայման կանդրադառնա հյուրանոցների գների վրա». Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ

13:21   23 հունիսի, 2015

«Էլեկտրաէներգիայի թանկացումն անպայման կանդրադառնա հյուրանոցների գների վրա». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ եթե միջին հաշվարկով հյուրանոցի կոմունալ ծախսերը կազմում են ամսական ընդհանուր ծախսերի մոտ 20 տոկոսը, ապա այդ տոկոսը կբարձրանա:

«Եթե հոսանքը թանկացավ, դրան կհաջորդի նաեւ գազի թանկացւոմը: Այս ամենը փոխկապակցված է միմյանց հետ»,-նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով` ներգնա տուրիզմի ծավալները կարող են նվազել, քանի որ մի շարք ավիաընկերություններ դադարեցրեցին իրենց չվերթները մեր երկրում:

«Այժմ տուրիզը զարգանում է ռուսական շուկայի ուղղությամբ, սակայն այդ շուկայի հետ էլ խնդիր կա: Ռուսական ռուբլին արժեզրկվել է, եւ այն կարծրատիպը, թե ռուսները շատ գումար են ծախսում, այս տարի կարող է վերանալ, քանի որ նրանք մի փոքր ուշադիր կլինեն իրենց ծախսերի հարցում»,-ասաց Հակոբ Հակոբյանը` նշելով, որ Հայաստանը մրցում է նաեւ Ռուսաստանի ներքին շուկայի հետ, քանի որ ռուսները ներկայումս փորձում են զարգացնել տուրիզմը Ղրիմում:

Հակոբ Հակոբյանը հույս հայտնեց, որ եթե ՌԴ քաղաքացիներին թույլ տան Հայաստան այցելել իրենց ներքին անձնագրերով, ապա դա կխթանի ներգնա տուրիզմը Հայաստանում, քանի որ ռուսաստանցիների 70 տոկոսը միջազգային անձնագիր չունի: 

Հակոբ Հակոբյանը նշեց նաեւ, որ տարեկան մոտ 1 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Հայաստան, սակայն պետական ծրագրով այդ թիվը նախատեսված է հասցնել 3 միլիոնի:

«Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստան այցելող զբոսաշրջիկների միայն 25 տոկոսն է օգտվում հյուրանոցի ծառայություններից: Ես կարծում եմ, որ զբոսաշրջիկների համար հիմնական խնդիրը ավիատոմսերի բարձր գինն է»,-նշեց Հակոբյանը` հավելելով, որ Հայաստանը բյուջետային ճանապարհորդների համար առայժմ չի կարողանում հարմար եւ մատչելի փաթեթներ առաջարկել:

Շուշան Շատիկյան

 

 



© NEWS.am STYLE