«Ախմախ բան է հայտնի լինելը». Տիգրան Մանսուրյանն իր մանկության, անցած ուղու եւ կարիերայի մասին

21:10   25 հունիսի, 2015

«Ախմախ բան է հայտնի լինելը». ասում է անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Այսօր` հունիսի 25-ին, Եղիշե Չարենցի անունը կրող գրականության եւ արվեստի թանգարանում ՀՀԿ ԵԿԱ կողմից իրականացվող` «Անվանի մարդկանց հետ հանդիպումներ» նախագծի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ կոմպոզիտորը խոսեցը իր մանկության, անցած ուղու եւ կարիերայի մասին:

 

Մանկության մասին

76 տարեկան եմ: Երբ առաջ մտածում էի այդ թվի մասին, մտածում էի` շատ է, սակայն հիմա մտածում եմ, որ 80-ն անգամ քիչ է: Նախանձելի օր եմ ծնվել` հունվարի 27-ին, Մոցարտի ծննդյան օրը: Ծնողներս 1915 թվականի արդյունքում որբանոցում հայտնված որբեր են, որոնք, սակայն, հավատարիմ են եղել հայոց լեզվին ու պատմությանը: Իմ մանկության վրա մեծ ազդեցություն է թողել ֆրանսիական կաթոլիկ դպրոցն ու Միջերկրական ծովը:

Ինը տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան, եւ ընդունվեցի դպրոց: Երբ ծանոթացա մեսրոպյան գրերի հետ, սկսեցի բանաստեղծություններ գրել: Դա տեւեց մինչեւ 30 տարեկանը, դրանից հետո ամբողջությամբ ոչնչացրեցի բանաստեղծություններս:

Երաժշտության մասին

13-14 տարեկանում սկսեցի ուսումնասիրել երաժշտությունը: Ամեն ինչ ինքնուրույն եմ արել: Չեմ ունեցել ո'չ ուսուցիչ, ոչ քննադատող, ոչ էլ` գովերգող: Իմ սերն է եղել դեպի երաժշտությունը, եւ ուրիշ ոչ մի բան: Արանքում ոչինչ չի եղել: Մոլեգին ուժով եւ սիրով կապվել եմ երաժշտության հետ:

Այն ժամանակ շատ քիչ էին երաժշտության մասին գրքերը, սակայն ես մի փոքրիկ բառարան ունեի, որը միշտ գրպանումս էի պահում, եւ այնքան էի հանել-դրել, որ քրքրվել էր: Հետո ես նույն բառարանի երկրորդ օրինակը գնեցի, դա էլ մաշվեց, իսկ երբ գնեցի երրորդը` արդեն ընդունվեցի Գյումրիի երաժշտական ուսումնարան, որն ավարտելուց հետո չորս տարի սովորեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա 5 տարի` Կոնսերվատորիայում:

Կարիերայի մասին

1967 թվականին ավարտեցի ասպիրանտուրան եւ սկսեցի երաժշտություն գրել ֆիլմերի համար: Դա ինձ համար մեծագույն դպրոց եղավ, սակայն 1984 թվականին ես գրեցի վերջին երաժշտությունը` ֆիլմի համար: Բոլորովին դժվար չէ ֆիլմի համար գրելը, հակառակը` շատ հեշտ է, սակայն ես հասկացա, որ ավելի շատ անելիքներ ունեմ:

Արժեհամակարգի ձեւավորման մասին

Ինձ վրա մեծ ազդեցություն են թողել Մարտիրոս Սարյանը եւ Եղիշե Չարենցը: Կոնսերվատորիայում սովորում էի Սարյանի որդու դասարանում եւ հաճախ էի լինում նրանց տանը, զրուցում էինք Մարտիրոս Սարյանի հետ տարբեր թեմաներից:

Գրքամոլ եմ եղել: Կապված եմ Չարենցի գրքերի հետ: Չի եղել մի ճանապարհրոդություն, որ ես գնամ առանց Չարենցի գրքի: Մինչեւ օրս ես կարդում եմ եւ նոր բացահայտումներ անում: Ապշում եմ` ինչպես մինչեւ այդ չէի նկատել այդ տողերը: Դա է մեծ պոեզիան:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE