Երեւանում առաջին անգամ կիթառի փառատոն կանցկացվի

16:29   1 հուլիսի, 2015

Երևանի Կիթառահարների Ասոցիացիան և Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների Միջազգային Ասոցիացիան համատեղ ներկայացնում են առաջին անգամ Հայաստանում միջազգային կիթառի փառատոնը, որը կկայանա հուլիսի 6-24-ը` Երեւանում :

Փառատոնի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Փառատոնը հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին:  Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր Երևանի առաջնակարգ դահլիճներում:

Փառատոնի հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի Մշակույթի Պետական Համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի Պետական Համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ):

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ միջազգային և հայկական պրեմիերաներ: Տեղի կունենա նաև Ռոլֆ Ստրավերի «Stimmen der Vergangenheit» (ձայներ անցյալից) կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա Կոմիտասի անվան թանգարանի համերգասրահում՝ հուլիսի 24-ին,ժամը 19:00-ին:

Կիթառի փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Կամերային Երաժշտության տանը՝ հուլիսի 6-ին, ժամը 19:00-ին: 

 



© NEWS.am STYLE