Նոր Զելանդիայի խորհրդարանը հետ է պահանջում «Հոբիթի» վրա ծախսած գումարը (տեսանյութ)

13:41   16 հունվարի, 2013

Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ Վինսթոն Փիթերսը «Հոբիթի» հեղինակներին կոչ է արել վերադարձնել 2010 թվականի բյուջեից ստացած գումարները։ Պատգամավորն իզուր է համարում, որ այդ գումարները հատկացվել են կինեմատոգրաֆիստներին Թոլքիենի ֆիլմն այս երկրում էկրանավորել համոզելու համար։ Փիթեր Ջեքսոնի նկարահանող թիմի, ինչպես նաեւ Warner Bros. եւ MGM կինոստուդիաների 2010-ին ստացած դրամական օժանդակության չափը 67 մլն դոլար է։

Նոր Զելանդիայի նախկին փոխվարչապետ եւ ընդդիմադիր «Առաջին կուսակցության» լիդեր Փիթերսն այս իրավիճակն անարդար է համարում, հատկապես «Հոբիթի» դրամարկղային հաջողություններից հետո։

«Այժմ, երբ ամբողջ աշխարհում ֆիլմի վաստակած գումարներն անցել են միլիարդ դոլարը, Warner Bros.-ը պետք է վերադարձնի 67 մլիլոնը, որը կինեմագնատները քամել են Կիվի երկրի հարկատուներից», - հայտարարել է նա։

Ֆիլմի հեղինակների պաշտոնական պատասխանն այս հարձակմանը դեռ չի հաջորդել։



© NEWS.am STYLE