Ֆրանսիացի պրոդյուսերը շատ «ուժեղ էմոցիոնալ պահեր» է ապրել հայկական գյուղում

11:34   14 հուլիսի, 2015

Սերժ Ավետիքյանի  նոր՝ «Ինչպես ամերիկյան մի երգ» ֆիլմի հայաստանյան նկարահանումներին, ինչպես նաեւ «Ոսկե Ծիրան-2015» փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ֆրանսիացի կինոպրոդյուսեր Ֆրեդերիկ Նիդերմայերը:

Նրա խոսքով՝ արդեն 3-րդ անգամ է Հայաստան այցելում: «Շատ տպավորված եմ, Հայաստանը հիասքանչ է իր մարդկանցով»,-նշեց նա:

«Ինչպես ամերիկյան մի երգ» ֆիլմի պրոդյուսերը շատ է տպավորվել Խաչիկ գյուղից, որտեղ ընթացել է ֆիլմի նկարահանումների մի մասը: «Գյուղում շատ ուժեղ էմոցիոնալ պահեր եմ ունեցել»,-ասաց նա:

«Ոսկե Ծիրան-2015»-ում Ֆրեդերիկ Նիդերմայերը ներկայացնում է իր պրոդյուսերությամբ ստեղծված՝ ռեժիսոր Էմանուել Մուռեի «Կապրիզ» ֆիլմը, որը կինոփառատոնի «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի բացման ժապավենն է:

Նիդերմայերը կարծում է՝ սիրահարվածությունը ֆրանսիական կինոյի յուրահատկություններից է: Պրոդյուսերը հպարտությամբ նշում է՝ ֆրանսիացիները Եվրոպայում բացառություն են կազմում նախ նրանով, որ տարեկան մոտ 200 լիամետրաժ ֆիլմ են թողարկում, հետո էլ ֆրանսիական կինոն իրենց երկրում մեծ ժողովրդականություն է վայելում:

«Ֆրանսիական կինոն մեզ մոտ ամերիկյան ֆիլմերից 50-60 տոկոսով ավելի շատ է դիտվում»,-եզրափակեց նա:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE