Exclusive. Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանում Գյումրիի երկրաշարժի մասին. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

12:01   30 հուլիսի, 2015

Ռուսաստանի ամենահայտնի հայ կինոռեժիսորներից մեկը՝ Սարիկ Անդրեասյանը, Ռուբեն Դիշդիշյանի հետ համագործակցությամբ, պատրաստվում է ֆիլմ նկարահանել 1988 թվականի Գյումրիի ավերիչ երկրաշարժի մասին: NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում կինոռեժիսորը խոսեց  ֆիլմի գաղափարի եւ  նախապատրաստական աշխատանքների մասին:

Ողջույն Սարիկ, ուրախ եմ Ձեզ նորից տեսնել Հայաստանում: Այս անգամ Ձեզ Հայրենիք է բերել «Երկրաշարժ » ֆիլմը: Կպատմե՞ք՝ ի՞նչ փուլում են այժմ ֆիլմի աշխատանքները:

Արդեն սկսել ենք «Երկրաշարժ» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, որը լինելու է 1988 թվականի Գյումրիի ողբերգության մասին: Ես միայնակ չեմ եկել, եկել եմ իմ թիմի հետ, որ տեսնենք Գյումրին եւ հասկանանք, թե ինչ ենք նկարելու Մոսկվայում, ինչը` Գյումրիում: Լինելու է համակարգչային գրաֆիկա, եւ կարծում եմ` Մոսկվայում կլինեն բոլոր տաղավարները, դեկորացիաները, իսկ այն, ինչ իրական է, այսինքն՝ մինչեւ երկրաշարժը, կնկարահանվի Հայաստանում: Դա լինելու է ռուս-հայկական մեծ կինո, որի դերասանների 90 տոկոսը հայեր են լինելու:

 

Նախքան այս եղե՞լ էիք, արդյոք, Գյումրիում:

Մոտ մեկ տարի առաջ ես միայնակ եկա, շրջեցի Գյումրիում: Ինձ հետաքրքրում էր, թե ինչ է նոր կառուցվել, ինչը՝ մնացել նախկինի պես, քանի որ հին քաղաքի քարտեզը չկա, դժվար է հասկանալ այդ ամենը: Ուզում էի, որ ամեն ինչ իրական լինի, քանի որ ֆիլմը նաեւ գյումրեցիներն են դիտելու եւ առաջին հերթին նրանք պետք է հավատան դրան: Ես ուզում եմ այնպես անել, որ հայերը, ովքեր ականատես են եղել այդ ամենին, նայեն ու հասկանան, որ ֆիլմն իրական է:

Երբ ես վերջին անգամ Գյումրիում էի, հասկացա, որ նրանց համար դա ցավոտ թեմա է:  Դժվար է, երբ սկսում ես խոսել նրանց հետ այդ մասին, բոլորի աչքերին արցունքներ են հայտնվում, բոլորը վերապրել են դա, հարազատներ կորցրել:

Գյումրիում գրքեր էի ուզում գնել երկրաշարժի մասին, մի կին ինձ ասաց` «Հազիվ ենք մոռացել, պետք էլ չի հիշել»: Ես հասկանում եմ, որ դա շատ ցավոտ է,  բայց մյուս կողմից, կարծում եմ, որ երկրաշարժի մասին սկսել են ավելի քիչ խոսել: Երբ փոքր էի, ամեն տարի դեկտեմբերի 7-ին բոլոր նորություններով այդ մասին էին խոսում, մարդիկ մոմեր էին դնում՝ ի հիշատակ զոհվածների… Ես կարծում եմ, որ պետք է այդ թեմայով ֆիլմ լինի, դրա մասին պետք չէ մոռանալ:

 

Դուք շատ փոքր էիք, երբ ընտանիքով տեղափոխվեցիք նախ Ղազախստան, ապա՝ Ռուսաստան: Ինքներդ էլ ծնվել եք Երեւանում, այնուամենայնիվ, կա՞ն հիշողություններ՝ Գյումրիի երկրաշարժի հետ կապված:

Ես մանկապարտեզում էի, երբ երկրաշարժը եղավ, եւ դա զգացվեց նաեւ Երեւանում: Ես հիշում եմ, որ պատերը շարժվում էին, մենք փախչում էինք, բարձր դասարանների աշակերտները տրորում էին փոքրերին, ուսուցիչները դուրս էին հանում երեխաներին… ես լավ հիշում եմ այդ պանիկան:  Հիշում եմ, որ մարդիկ չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Դե, համացանց չկար, հեռուստեսությունն արագ չէր աշխատում, մարդիկ շոկի մեջ էին: Միայն երեկոյան բոլորը հասկացան, որ Սպիտակն, ըստ էության, երկրի երեսից ջնջվել է, Գյումրին նույնպես վատ իրավիճակում է հայտնվել:

Հիշում եմ նաեւ, որ հայրս այդ ժամանակ արդեն Ղազախստանում էր եւ այնտեղից օգնություն էր ուղարկում, իսկ մայրս նամակներ էր գրում ինչ-որ տեղեր, որ երեխաներ որդեգրի: Մի խոսքով`ես այդ ամենը շատ լավ հիշում եմ: Բոլորը փորձում էին օգնել միմյանց՝ հայկական ձեւով:

Այցելելով Գյումրի՝ զգացի՞ք երկրաշարժի «հետքերը»:

Երբ վերջին անգամ Գյումրիում էի, խնդրեցի էքսկուրսիա անել, որպեսզի տեսնեմ քաղաքը: Կարծում էի, որ փլատակներ շատ կլինեն, որտեղ կնկարահանենք ֆիլմը, բայց այդպիսի 1-2 շենք տեսա ընդամենը եւ հասկացա, որ ռեալ պայմաններում չեմ կարող ֆիլմը նկարահանել, զրոյից պետք է կառուցեմ կործանված քաղաքը:

Ինչի՞ վրա եք շեշտը դնելու ֆիլմում:

Ես շատ եմ շփվել փրկարարների հետ ե’ւ Մոսկվայում, ե’ւ Երեւանում եւ նրանցից  պատմություններ եմ հավաքել եւ փոխանցել սցենարիստներին: Այն, ինչ կլինի ֆիլմում, իրական է: Բնականաբար, ինչ-որ բաներ ծաղկեցրած է,  քանի որ այն գեղարվեստական ֆիլմ է` առանց քաղաքական ենթատեքստերի: Ֆիլմ այն մասին, թե ինչի է ընդունակ ազգը, երբ հայտնվում է դժվար կացության մեջ: Հայ ժողովուրդը կարող է ուժեղ լինեն եւ հաղթահարել ամեն ինչ, սա մենք բոլորս գիտենք, սակայն երբեք ավելորդ չի լինի այդ մասին հիշեցնելը:

 

Դուք այն ռեժիսորն եք, ով հայտնի է դարձել շնորհիվ իր նկարահանած կատակերգությունների: Ինքներդ միշտ խուսափել եք դրամայի ժանրից, ինչպե՞ս ստացվեց, որ հանձն առաք  «Երկրաշարժի» նկարահանումը:

Որպես ռեժիսոր՝ իմ նպատակն է ստեղծել ֆիլմ, որը կնայեն 50 տարի հետո, որը հայ ժողովուրդն իր հետ կտանի ամբողջ կյանքում, ինչպես «Մայրիկը», ինչպես սովետական ֆիլմերը:

Կարծում եք՝ կստավի՞:

Կարծում եմ` այո: Ես միշտ եմ ցանկացել երկրաշարժի մասին ֆիլմ նկարահանել:  Շատ են ֆիլմերը Ցեղասպանության մասին, բայց ոչինչ չի ասվում հասարակ ու լոկալ ողբերգության մասին, որը տեղի ունեցավ պարզապես բնության պատճառով: Իհարկե, մեծ ռիսկ է նկարահանել դրմատիկական կինո: Այն բյուջով, որով նկարահվելու է «Երկրաշարժը», կարելի է չորս կատակերգություն նկարել:  Բայց ես կարծում եմ, որ ֆիլմը հետաքրքրի կլինի ոչ միայն հայ հանդիսատեսին: Երբ մենք սոցցանցերում գրում էինք, որ պատրաստվում ենք ֆիլմ նկարահնել 88-ի երկրաշարժի մասին, բազմաթիվ մարդիկ՝ոչ միայն հայերը, կիսվում էին իրենց մտքերով, թե ով ինչպես է օգնել եւ այլն: Նկարել ֆիլմ միայն հայերի համար, այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ ցանկանում ես, որ քո մասին իմանան բոլորը:

Իսկ ինչո՞ւ հենց երկրաշարժի մասին, որովհետեւ ամբողջ աշխարհում հասկանալի է, թե ինչ է երկրաշարժը, իսկ, օրինակ, Ցեղասպանության մասին ֆիլմի համար նախ պետք է բացել հանրագիտարանները, վիքիպեդիան, կարդալ եւ իմանալ, թե ինչ բան է ցեղասպանությունը: Կարծում եմ՝ ֆիլմը փառատոնային կյանք էլ կունենա:

Խոսեցիք ֆիլմի բյուջեից, որքա՞ն է այն կազմում, կարո՞ղ եք ասել:

Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, քանի որ բյուջեն ձեւավորվում է ընթացքում, բայց կարծում եմ, որ դա կլինի 200 միլիոն ռուբլի, ինչը հսկայական գումար է:

Ի՞նչ լեզվով է լինելու ֆիլմը եւ, արդյոք, արդեն հայտնի՞ է դերասանական կազմը:

Երկու օրինակով կանենք` ռուսական վարձույթի համար ֆիլմը կլինի ռուսերեն, Հայաստանի եւ ԱՄՆ հայերի համար` հայերեն: Հայկական ողբերգության մեջ հայ դերասաններ պետք է խաղան, եւ շատ դերասաններ կլինեն Հայաստանից: Քասթինգ անում ենք, բայց դեռ ոչ ոքի չենք հաստատել: Որոշ ռուս դերասաններ էլ կան ներգրավված, օրինակ՝ Կոստանտին Լավրոնենկոն:

Ե՞րբ եք ծրագրում ֆիլմը հանձնել հանդիսատեսի դատին:

Դեռ վաղ է այդ մասին խոսելը, բայց կարծում եմ, որ դա կլինի հաջորդ տարի՝ երկրաշարժի  տարելիցի մոտ օրերին:

Զրուցեց Շուշան Շատիկյանը

 



© NEWS.am STYLE