Ձմերուկով դիետա. NEWS.am STYLE-ի փորձարկումը

19:10   5 օգոստոսի, 2015

Նիհարելու մասին իմ հերոսապատումը շարունակվում է։ Այս անգամ որոշեցի փորձել նիհարելու մեկ այլ միջոց՝ ձմերուկով դիետա։ Կարծում եմ, որ ամռանը նիհարելն ավելի հեշտ է՝ հատկապես իմ սիրելի հատապտղի օգնությամբ։ Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է...

Ձմերուկով դիետան հիանալի մեթոդ է կարճ ժամանակահատվածում ավելորդ քաշից ազատվելու համար։ Շատերը պնդում են, որ այս դիետայի օգնությամբ 10 օրվա ընթացքում կարելի է նիհարել 7կգ.։ Բայց նիհարելու գործընթացը բավականին անհատական է՝ կախված օրգանիզմից։

Դիետան շարունակվում է 5-10 օր եւ ունի կիրառության երկու տարբերակ։ Առաջին տարբերակը բավականին խիստ է՝ ամբողջ օրվա ընթացքում հարկավոր է միայն ձմերուկ ուտել (անսահմանափակ քանակությամբ)։ Երկրորդ տարբերակի դեպքում կարելի է նաեւ մի քանի կտոր տարեկանի հաց ուտել։ Ես որոշեցի սահմանափակվել 3 օրով եւ չնայած իմ մեծ սիրուն՝ 3-րդ օրն արդեն չէի ցանկանում նայել ձմերուկին։ Ես 3 օրում նիհարեցի 2կգ.։

Ընդհանուր առմամբ ձմերուկի դիետայի ընթացքում քաղցի զգացում չէի ունենում, բայց երեկոյան ճնշումս իջնում էր։ Հենց այդ է պատճառը, որ այս դիետան հարկավոր է պահել ոչ աշխատանքային օրերին եւ խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Սակայն կրկին պետք է նշեմ, որ սա բավականին անհատական է։ Պետք չէ մոռանալ նաեւ, որ ձմերուկը միզամուղ հատկություններ ունի, եւ դիետան կարող է ազդել երիկամների աշխատանքի վրա։ Հետեւաբար, եթե երիկամների խնդիր ունեք, ավելի լավ է հրաժարվեք այս դիետայից։

Իհարկե, ձմերուկի միջոցով օրգանիզմից հեռացվում է ավելորդ հեղուկը, ինչի արդյունքում ձեզ հաջողվում է ազատվել մի քանի կիլոգրամներից։ Սակայն դիետայից հետո քաշ հավաքելու վտանգը շատ մեծ է։ Դրանից խուսափելու համար հարկավոր է ճիշտ «դուրս գալ» դիետայից՝ ձեռք բերված արդյունքը պահպանելու համար։ Օրինակ, դիետայից հետո պետք չէ սկսել թխվածք, քաղցրեղեն, բուրգերներ եւ յուղոտ սնունդ օգտագործել։ Անհրաժեշտ է վերանայել սննդակարգը՝ օգտագործելով միայն հավի եփած կրծքամիս, բանջարեղեն, միրգ։ Հիշեք, որ ձեզ կհաջողվի նիհարել միայն այն դեպքում, եթե դուք պատրաստ եք աշխատել ձեզ վրա։

 

Յուլիա Վարդանյան

 

 



© NEWS.am STYLE