Big Brother-ի աստղ Բրայան Դաուլինգի հետ ամուսնացած Արթուր Գուրունլյանը՝ Բեյոնսեի, Pussycat Dolls-ի եւ Քայլի Մինոուգի հետ աշխատելու մասին

11:03   6 օգոստոսի, 2015

Վերջերս հայ հասարակությանը ցնցել էր Մեծ Բրիտանիայում բնակվող, ծագումով հայ պարուսույց Արթուր Գուրունլյանի եւ Big Brother-ի աստղ Բրայան Դաուլինգի ամուսնության լուրը։ NEWS.am STYLE-ի թղթակիցը կապ է հաստատել պարուսույցի հետ եւ զրուցել տարբեր թեմաների շուրջ։

Միջազգային ճանաչում ունեցող հայազգի պարող Արթուր Գուրունլյանը իր կարիերան սկսել է Բելգիայում, այնուհետև տեղափոխվել է Միացյալ Թագավորություն` դառնալով մեր օրերի ամենամեծ պահանջարկ ունեցող պարողներից մեկը: Մեր զրույցի ընթացքում Արթուրը նշեց, որ կցանկանար աշխատել նաև հայ երգիչների, օրինակ, Ռազմիկ Ամյանի, Լիլիթ Հովհաննիսյանի և Արմենչիկի հետ:

Ձեզ ենք ներկայացնում NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը, որում Արթուրը խոսում է Բեյոնսեի, Pussycat Dolls-ի, Լեոնա Լյուիսի, Քայլի Մինոուգի և համաշխարհային ճանաչում ունեցող այլ աստղերի հետ համագործակցության մասին: Սակայն Արթուրն իր ամուսնության մասին ոչ մի մեկնաբանություն չցանկացավ տալ:

- Արթո՛ւր, պատմեք Ձեր հայկական արմատների մասին:

-Կարող եմ ասել, որ շատ հպարտ եմ, որ հայ եմ և որ ներկայացնում եմ Հայաստանը այն վայրերում, որտեղ ճանապարհորդում եմ: Այդ երկրներից շատերին անծանոթ էր Հայաստանը, բայց այժմ այդպես չէ:

Ես Երևանից եմ, որն ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է: Կարծում եմ` ես շատ կապված եմ այդ քաղաքին, քանի որ այստեղ եմ ծնվել և երբեք չեմ մոռանա այն:

-Ո՞ր տարիքից ի հայտ եկավ պարարվեստի հանդեպ Ձեր հետաքրքրությունը:

-Դեռ վաղ տարիքից ես սիրում էի ելույթ ունենալ ծնողներիս և մեր հյուրերի առջև: Բայց մինչև 20 տարեկանս, ցավոք սրտի, չկարողացա զբաղվել պարով, որովհետև ծնողներս կարծում էին` դա իրենց երեխայի համար լուրջ մասնագիտություն չէ: Այսպիսով, ես դարձա վարսահարդար, քանի որ հորեղբայրներս ունեին հայկական սրահ: Իսկ երբ ավարտեցի և ստացա դիպլոմս, սկսեցի պրոֆեսիոնալ պարային կարիերայով զբաղվել:

-Ձեր կարիերայի ընթացքում հասցրել եք համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի` Բեյոնսեի, Pussycat Dolls-ի, Լեոնա Լյուիսի, Քայլի Մինոուգի հետ… Պատմեք այդ մասին:

-Ես շատ բախտավոր եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու այդ աստղերի հետ: Եվ ում հետ էլ որ համագործակցում էի, շարունակ մտածում էի. «Մի՞թե  սա իրականություն է` հայ տղան պարում է այս հրաշալի աստղերի հետ»:

-Հե՞շտ էր նրանց հետ աշխատելը:

-Նրանք բոլորն էլ շատ գեղեցիկ են և, այո՛, նրանց հետ աշխատելը հիասքանչ էր:

-Իսկ ի՞նչ նախագծերի վրա եք հիմա աշխատում:

-Հիմա ես պատրաստվում եմ Էլվիս Փրեսլիի 80-ամյակին նվիրված շոուին: Այն անցկացվելու է 2 օր: Ես այդ շոու ծրագրի գեղարվեստական ղեկավարն եմ:

 

             Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE