Գալյանոն վերադառնում է նորաձեւության աշխարհ

16:50   18 հունվարի, 2013

Հայտնի բրիտանացի դիզայներ Ջոն Գալյանոն վերադառնում է նորաձեւություն։ Հակասեմիտական աղմուկից հետո, երբ մետրը փարիզյան սրճարաններից մեկում մի քանի անզգույշ արտահայտություն թույլ թվեց, նրան ազատեցին Dior-ից ու John Galliano-ից, դատեցին ու զրկեցին Պատվավոր լեգիոնի շքանշանից։ Սակայն խայտառակված դիզայներին օգնության ձեռք մեկնեց նրա գործընկեր Օսկալ դե լա Ռենտան։ Այժմ Գալյանոն նրան օգնում է պատրաստվել Նյու Յորքի գալիք Նորաձեւության շաբաթին։

«Ջոնի հետ միմյանց ճանաչում ենք արդեն երկար տարիներ, ես միշտ հիացել եմ նրա տաղանդով։ Նա երկար ու տքնաջան աշխատել է աղմուկից հետո վերականգնվելու համար, այնպես որ ուրախ եմ նրան իր ստեղծագործական միջավայր վերադառնալու հնարավորություն տալու համար», -այսպես է մեկնաբանել նորությունը Օսկար դե լա Ռենտան։

Իր հերթին Ջոն Գալյանոն մեկ անգամ եւս ներողություն է խնդրել մարդկանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ ու ավելացրել. «Շատ երախտապարտ եմ Օսկար դե լա Ռենտային այս հնարավորության համար»։

Հնարավոր է, որ Օսկար դե լա Ռենտայի այս ժեստը դառնա լեգենդար մոդելյորի հաղթական վերադարձի սկիզբը։ Չէ՞ որ նորաձեւության աշխարհն առանց նրա հանճարեղ ստեղծագործությունների առանց այն էլ շատ բան է կորցրել…



© NEWS.am STYLE