Արամ Նիկոլյանի համագործակցությունը Նաստասյա Կինսկիի հետ (ֆոտո)

16:40   7 օգոստոսի, 2015

Հայտնի դերասանուհի Նաստասյա Կինսկին, ով Երեւան էր ժամանել` մասնակցելու «Ոսկե Ծիրան 2015» կինոփառատոնին, համագործակցություն է ունեցել դիզայներ Արամ Նիկոլյանի հետ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արամն ասաց, որ Կինսկին ֆոտոշարք է իրականացրել New Mag-ի հետ եւ ցանկացել է հայկական տարրերով հագուստ կրել:

«Նրան ցույց են տվել իմ վերջին` «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուն, եւ նա շատ հավանել է, ինչից հետո ծնվել է համագործակցությունը: Ֆոտոշարքում Նաստասյան կրել է իմ հեղինակած երկու զգեստներ»,-նշեց Նիկոլյանը` հավելելով, որ կինոփառատոնի փակման միջոցառման ժամանակ Կինսկիի զգեստներից մեկը նույնպես եղել է այդ հավաքածուից:

Նիկոլյանի խոսքով` ինքն ուրախ է, որ նաեւ իր միջոցով Կինսկին ծանոթացել է հայկական մշակույթի տարրերին: «Շատ էր հավանել զգեստները, հայկական տարրերը, եւ ես «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի գլխավոր զգեստը նվիրեցի իրեն»:

Դիզայների խոսքով` Երեւանից մեկնելուց հետո Կինսկին նամակ է գրել իրեն եւ շնորհակալություն հայտնել:  «Նա նշել էր, որ եթե ես այնպիսի գաղափարներ ունենամ, որ կկարծեմ` ինքը կկարողանա դրանք իրականացնել, նա պատրաստ է համագործակցել»,-ասաց Նիկոլյանը:

Լուսանկարները` Արամ Նիկոլյանի Instagram-ի 

Զրուցեց Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE