Սուպերմոդել Նատալյա Վոդյանովայի՝ աուտիզմով հիվանդ քրոջը դուրս են հանել սրճարանից

18:13   12 օգոստոսի, 2015

Սարսափելի միջադեպ Ռուսաստանում։ Ռուս հայտնի մոդել Նատալյա Վոդյանովայի՝ աուտիզմով հիվանդ քրոջը՝ Օքսանային, դուրս են հանել Նիժնի Նովգորոդի սրճարաններից մեկից։

Dni-ի փոխանցմամբ՝ Օքսանան զբոսնելուց հետո նստել է սրճարանի բացօթյա հատվածում։ Նախկինում նա հաճախ է եկել այնտեղ, նայել իր շուրջը, ժպտացել մյուս այցելուներին։ Մայրը նրա համար թեյ է գնել, եւ աղջիկը դանդաղ ըմպել է այն։ Սակայն սրճարանի աշխատակիցներին հյուրերը դուր չեն եկել, եւ նրանք փորձել են դուրս հրավիրել նրանց՝ հայտարարելով, որ աղջիկը վախեցնում է իրենց պոտենցյալ հաճախորդներին։

Բնականաբար, մայրը սկսել է պաշտպանել դստերը՝ նշելով, որ նա նույնպես իրավունք ունի նստել սրճարանում։ Սրճարանի անվտանգության աշխատակիցները սպառնացել են, որ նրանց կփակեն նկուղում, իսկ հետո կտանեն «հոգեբուժարան»։ Քանի որ Օքսանան (ինչպես նաեւ աուտիզմով հիվանդներից շատերը) չի սիրում եւ չի հանդուրժում աղմուկը, նյարդայնացել եւ սկսել է լաց լինել։ Սրճարանի աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ Արդյունքում մայր եւ դուստր հայտնվել են ոստիկանական բաժանմունքում, որտեղ Լարիսա Վիկտորովնան ցուցմունք է գրել կատարվածի մասին։

Ավելի ուշ Վոդյանովայի մայրը մեկնաբանել է կատարվածը. «Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու է մեր հասարակությունն այդպես վերաբերում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց։ Իմ Օքսանան ոչ մեկին ոչինչ չէր արել։ Աղջկաս միակ «մեղավորությունը» այն է, որ նա բոլորի նման չէ։ Ես տեսել եմ, թե ինչպես են նման մարդկանց վերաբերում Եվրոպայում, իսկ մեզ մոտ մարդկանց մոտեցումն ուղղակի անտանելի է։ Եթե իմ աղջիկն աուտիզմով է ծնվել, ուրեմն մյուսները պետք է այդքան դաժան լինեն նրա նկատմամբ։ Օքսանայի հիվանդությունը միայն մեր ընտանիքի խնդիրն է, եւ ես երբեք ոչ մեկից օգնություն չեմ խնդրել։ Եվ ես ոչ մեկին թույլ չեմ տա վիրավորել իմ դստերը, որին կյանքն արդեն վիրավորել է»։



© NEWS.am STYLE